Մատչելիության հղումներ

ՀԺԿ համագումարը կառավարության տնտեսական քաղաքականությունը համարում է ձախողված


Այսօր «Կարեն Դեմիրճյան» կենտրոնում տեղի ունեցած Հայաստանի ժողովրդական կուսակցության համագումարը հստակություն չմտցրեց «Միասնություն» դաշինքի ապագայում: Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի վարչապետ նշանակվելուց ի վեր ՀԺԿ-ի եւ ԿՀՀ-ի հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են լարվում: Սակայն կողմերից ոչ մեկը չի նախաձեռնում դաշինքի խզումը:


Հայաստանի ժողովրդական կուսակցությունն այսօր էլ ավելի հեռացավ իր դաշնակցից՝ հրաժարվելով կառավարության, ՀԺԿ-ի կարծիքով, ձախողված քաղաքականությունից: «Ցավոք, պետք է արձանագրենք, որ միշտ չէ, որ Դաշինքի անվան տակ իրականացվում են Դաշինքի ծրագրերը: ՀԺԿ-ն չի խուսափում պատասխանատվությունից: Բայց մենք մտադիր չենք պատասխան տալ ուրիշների արածների կամ չարածների համար», - համագումարում ասաց կուսակցության նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանը:

Խոսելով «հոկտեմբերի 27»-ի մասին եւ արտահայտելով իր թերահավատությունը դատավարությունը վերահսկելու նպատակով վերջերս ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաքելության հաջողության նկատմամբ, Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Ավելի քան տարօրինակ է, որ ողբերգության առաջին իսկ օրից առանձին բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ որոշ քաղաքական գործիչների կողմից, առանց որեւէ հիմնավորման, շրջանառության մեջ դրվեց այն վարկածը, թե մարդասպանները գործել են ինքնուրույն, եւ նրանց թիկունքում կազմակերպիչներ եւ դրդիչներ չկան: Եվ հասկանալի է, որ այդ գիծը հետեւողականորեն ու մեծ փութաջանությամբ զարգացվել եւ զարգացվում է նրանց խամաճիկների, տարրական բարոյականությունից զուրկ կամակատարների կողմից»:

Իր զեկուցման մեջ Ստեփան Դեմիրճյանը քննադատեց վարվող տնտեսական քաղաքականությունը, որն ըստ նրա, չպետք է հետապնդի սեփականաշնորհման միջոցով բյուջեն լցնելու նպատակ: Այն պետք է միտված լինի նաեւ միջին խավի ձեւավորմանը, ուստի սեփականաշնորհման գործընթացին պետք է մասնակից դարձնել նաեւ ձեռնարկությունների կոլեկտիվներին:

Համագումարի 500-ից ավելի պատվիրակների միաձայն ընտրությամբ, ՀԺԿ նախագահ ընտրվեց Ստեփան Դեմիրճյանը: Նրա ելույթի հիմնական դրույթները դրվեցին համագումարի ընդունած որոշման հիմքում: Ընտրվեց վարչություն, որն իր կազմից հետագայում ընտրելու է կուսակցության քաղաքական խորհուրդը:



Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG