Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար էդուարդ Ղազարյանը Բաքվում


Ադրբեջանում մայիսի 31-ին սկսված Հարավային Կովկասի կրթության եւ գիտության նախարարների երկօրյա հանդիպմանը մասնակցելու նպատակով Բաքու էր մեկնել Հայաստանի գիտության եւ կրթության նախարար էդուարդ Ղազարյանը: Թուրան լրատվական գործակալությունը հայտնեց մեր ռադիոկայանին, որ հայ նախարարը այդ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե հարկավոր է վերականգնել անցյալի կապերը: «Նախկին Խորհրդային միության բոլոր պետությունները կրթության ընդհանուր համակարգ ունեն եւ մեր ներկա հիմնախնդիրները նման են», - ասել է Էդուարդ Ղազարյանը:

էդուարդ Ղազարյանը նշել է նաեւ, թե գիտության եւ մշակույթի, կրթության բնագավառների աշխատողների հանդիպումները կարող են դրական ազդեցության ունենալ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վրա: Սակայն, Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովը հակառակ կարծիքն է հայտնել՝ ասելով, որ Հայաստանի նախարարների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ պաշտոնական հարաբերություններ չեն կարող լինել, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը:

Եվրախորհրդի նախաձեռնությամբ ծրագրվում է հրատարակել Կովկասի պատմության դասագիրք՝ հայ, ադրբեջանցի եւ վրացի հեղինակների մասնակցությամբ: Սակայն Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովի կարծիքով, վտանգ կա, որ այդ դասագիրքը երբեւէ լույս չի տեսնի, քանի որ իրադարձությունները ներկայացնելու հարցում ծագում են չափազանց մեծ տարաձայնություններ:

Աննա Կարապետյան՝ Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG