Մատչելիության հղումներ

Թուրքերին եւ հայերին ճշմարտությունն է պետք



Ֆիլիպ Մարսդեն, «Ինթերնաշընլ Հերըլդ Թրիբյուն»



1915-1917 թվականներին Թուրքիայի իշխանությունները հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացրե՞լ են, թե՞ ոչ: Տարօրինակ է, որ նման նշանակալի հարցը դեռեւս վիճահարույց է մնում:

Երբ ընթացիկ տարվա հունվարին Ֆրանսիայի Սենատն ընդունեց հայերի ցեղասպանության ճանաչման մասին որոշումը, Անկարան Փարիզից հետ կանչեց իր դեսպանին, Թուրքիայում խզվեցին միլիոնավոր դոլարներ կազմող ֆրանսիական պայմանագրերը, թուրքական քաղաքներում տեղի ունեցան բազմամարդ ցույցեր. եւ այս ամենը մի որոշման առիթով, ուր Թուրքիայի անունն անգամ չի հիշատակվում:

Տարիներ շարունակ Թուրքիայի իշխանությունները մեծածավալ քարոզչություն են վարում ընդդեմ ցեղասպանության: Նրանց գլխավոր զենքը եղել է այն, որ համաշխարհային հանրությունը, մեծամասամբ, անտեղյակ էր իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ծխաքողի հետեւում մի ժամանակաշրջանում, երբ տեղեկատվության հոսքն այնպիսին չէր, ինչպես հիմա, եւ երբ աշխարհի մի կեսը բռնել էր մյուսի կոկորդից:

Երկար տարիներ եղեռնը վերապրած հայերը չափազանց ցիրուցան ու բազմաքանակ էին, որպեսզի բարձրացնեին դրա ճանաչման հարցը: Իսկ երբ սկսեցին խոսել, մասնավորապես, 1960-ականների կեսերից, արձագանքի պես հետեւեցին Թուրքիայի հակապնդումները, թե քաղաքացիական պատերազմ էր ընթանում, եւ երկու կողմերն էլ զոհեր են ունեցել:

Նման համարժեքության անհեթեթությունը հաստատվում է բազմաթիվ փաստերով, որոնցից կարելի նշել, մասնավորապես, այն, որ ներկայումս երբեմնի Թուրքահայաստանի շրջաններում ընդամենը մի բուռ հայեր են բնակվում: Մինչդեռ, ժամանակին նրանց թիվը հասնում էր 3 միլիոնի:

Սրան ավելացրեք նաեւ զանգվածային ու ծրագրավորված սպանությունների արդեն մեծ տարածում գտած բազմաթիվ վավերագիր վկայությունները, կործանված կյանքերը ցանկացած սփյուռքահայի տոհմում, եւ իրական պատկերը կսկսի արտիճանաբար գծագրվել:

Մինչեւ վերջին ժամանակները թուրքական փաստարկներին հաջողվում էր պղտորել պատմության ջուրը: Վերջին ինն ամիսների ընթացքում, սակայն, ամեն բան փոխվել է: Լրատվամիջոցների արձագանքը վերջին զարգացումներին՝ ֆրանսիական Սենատի քվեարկությունը ներառյալ, ոչ միայն նոր մակարդակ է հաղորդել հարցին, այլեւ ի հայտ է բերել, որ անկախ մեկնաբանների շրջանում գնալով ընդունվում է, որ իրոք տեղի է ունեցել հայերին ոչնչացնելու կամ Թուրքիայից տեղահանելու ծրագրված փորձ:

Թուրքիայի դիրքորոշումը, սակայն, փոփոխություն չի կրել: Այս տարվա ընթացքում միայն տեղի են ունեցել առնվազն չորս կոնֆերանս՝ Իզմիրում, Ստամբուլում, Լոնդոնում եւ Մալհեյմում (երմանիա): Բոլորն էլ, առանց բացառության, թուրքանպաստ իրադարձություններ էին: Վերջինը՝ Մալհեյմում կայացածը, որին զարմանալիորեն մասնակցում էին ինչպես թուրք, այնպես էլ հայ գիտնականներ, արժանացել էր թուրքական մամուլի լայնածավալ դատապարտմանը:

Վաղուց ժամանակն է վերջ տալ պատմությունը նենգափոխելուն: Թուրքական պետությունը իր քաղաքացիներին լավություն չի անում շարունակելով նման կերպ արձագանքել ցեղասպանության հարցին:


Բանավեճը մտել է նոր փուլ: Այժմ պահանջվում է անկեղծություն: Հարկավոր է, որ անկախ հետազոտողների մի խումբ հանգամանորեն ուսումնասիրի սկզբնաղբյուրները, ամփոփի դրանց բովանդակությունն ու լրացնի բոլոր բացերը: Այն պետք է հանգամանորեն ծանոթանա ինչպես թուրքերի, այնպես էլ հայերի պահանջներին: Այդ խումբը նաեւ պետք է ազատ մուտք ունենա Ստամբուլի եւ Անկարայի արխիվները:

Միացյալ Նահանգներում հավաքվել են ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ մարդկանց բանավոր վկայություններ: Կան նաեւ հյուպատոսական եւ դիվանագիտական ծավալուն վավերագրեր:

Մատչելի են համապատասխան գերմանական արխիվները: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի դաշնակից երմանիայի բազմաթիվ քաղաքացիներ են այն տարիներին գտնվել Թուրքիայում:

Տարեցտարի ավելի ու ավելի շատ տեղեկատվական նյութ է մշակվում ու հրապարակվում: Չիմանալն այլեւս ներելի չէ:

Այս տարին Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի տարին է (Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնյա պետությունն է եղել) եւ՝ հայերին արժանի պատիվ մատուցելու ժամանակը: Հայերի համար ամենամեծ պատիվը կլինի, եթե օգնենք նրանց 20-րդ դարասկզբին իրենց հետ կատավածի վերհանման եւ ճանաչման գործում:

Միայն դրանից հետո նրանք կարող են հետեւում թողնել աղետալի իրադարձությունը եւ դադարեցնել հայերի ու թուրքերի համար կործանարար ու ստորացուցիչ այդ բանավեճը:

Թարգմ.՝ Լեոնիդ Զիլֆուղարյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG