Մատչելիության հղումներ

«Հոկտեմբերի 27-ի դատական գործը վերահսկող ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովը գումարեց իր անդրանիկ նիստը:


Մայիսի 23-ին Ազգային ժողովի որոշմամբ ստեղծված «Հոկտեմբերի 27»-ի գործի քննության ընթացքում մեղադրյալների, ապա նաեւ ամբաստանյալների պահպանությունն իրականացնող մարմինների գործունեության օրինականությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը» այսօր գումարեց իր առաջին նիստը: Որեւէ որոշում այն չընդունեց: Ասվեց միայն, որ հաջորդ նիստում ընդունվելու են հանձնաժողովի կանոնակարգը, հայտարարությունը, ընտրվելու է հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Հանձնաժողովի շուրջ, այնուամենայնիվ, շիկանում են քաղաքական կրքերը՝ այլեւս հստակորեն ձեւավորված երկու ճամբարների միջեւ: Դրանցից մեկին առաջնորդում է քաղաքական կասկածը, մյուսին՝ նույնպես քաղաքական ինքնապաշտպանական բնազդը: Առաջին ճամբարում գործադիր իշխանությունն է, Հանրապետական կուսակցությունը եւ խորհրդարանական փոքրամասնությունը՝ առանց Կոմկուսի: Մյուսը կազմում են ՀԺԿ֊ն, Հայկոմկուսը եւ «Հանրապետություն» կուսակցությունը:

Ըստ էության, երկու ճամբարներն էլ դժգոհ են. առաջիններն ասում են, թե հանձնաժողովը նախաձեռնողները փակուղում են հայտնվել, քանի որ տեսնում են, որ ոչ մի նոր բան չի հայտնաբերվելու: Հակադիր թեւն էլ բարձրաձայնում է, թե ամեն ինչ արվեց, որ հանձնաժողովում լինեն, իրենց բնորոշմամբ, մականունավորներ եւ այլն:

Հանձնաժողովի անդամ, ՀԺԿ-ական Ստեփան Զաքարյանն իր տարակուսանքը հայտնեց հանձնաժողովում այն մարդկանց ներկայության կապակցությամբ, ովքեր դրա ստեղծումն անիմաստ էին համարում կամ թերահավատ էին, թե այն արդյունքի կհասնի: Նրա տարակուսանքն է հարուցել նաեւ պատգամավորական գործունեությամբ աչքի չընկած Վահագն Գրիգորյանի հանձնաժողովի նախագահ ընտրվելը:

Ստեփան Զաքարյանն ասաց նաեւ, որ ոչ միայն հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը, այլեւ ամբողջ երկիրն է փակուղում հայտնվել հոկտեմբերի 27-ից հետո. «Նույն ուժերը, որոնք առաջացրել են հայտնի կասկածները, շարունակում են իրենց գործելակերպը, շարունակում են խոսել կոպիտ ուժի դիրքից», - եզրափակեց Ստեփան Զաքարյանը՝ հրաժարվելով անուններ նշելուց:

Հանձնաժողովի նախագահ Վահագն Գրիգորյաննը,անդրադառնալով մամուլում շրջանառվող այն նկատառմանը, թե որպես գործարար, ինքը կարող է ենթարկվել ճնշումների, նախ ասաց, որ այլեւս գործարար չէ եւ ավելացրեց, թե ժամանակը ցույց կտա, արդյո՞ք, ինքը կենթարկվի ճնշումներին, թե ոչ: Վարդան Գրիգորյանը հրաժարվեց «Հոկտեմբերի 27»-ի դատավարության մասին իր կարծիքը հայտնելուց, խոստանալով դրան անդրադառնալ հանձնաժողովի՝ երեքշաբթի օրը կայանալիք նիստից հետո:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG