Մատչելիության հղումներ

ԱՊՀ գագաթնաժողովի նախօրեին Մինսկում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը


Այսօր ուշ երեկոյան Մինսկում, Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովի նախօրեին, տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող խնդիրներ: Բանակցությունները տեղի են ունեցել Բելառուսի նախագահի Զասլավլ կառավարական առանձնատանը:

Հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը ցանկանում է ակտիվացնել իր խաղաղարար ջանքերը Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում: Պուտինը հայտնեց լրագրողներին, թե Մոսկվան ցանկանում է ուժեղացնել իր միջնորդական դերը Ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում:

Մինսկի հանդիպումից առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովը հայտարարել է, թե Ղարաբաղի կարգավորման հարցում Ռուսաստանը եւ ԱՊՀ մնացած երկրները ցանկանում են օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին: «Սակայն, սա չափազանց դժվար խնդիր է, ինչպեսեւ Աբխազիայի կամ Մերձդնեստրի հակամարտությունները», - ասել է Իվանովը եւ ավելացրել, որ դժվար թե Ղարաբաղի հարցում Մինսկում էական առաջխաղացում արձանագրվի:

Մինսկ մեկնելիս, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը «Բինա» օդանավակայանում մեկնաբանել է ղարաբաղյան բանակցային գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը: Նա, մասնավորապես, ասել է, թե իրականությանը չի համապատասխանում այն հաղորդագրությունը, որի համաձայն, իր խնդրանքով է հետաձգվել Ժնեւի հանդիպումը: «Հավանաբար, այդօրինակ խնդրանք Հայաստանի նախագահ Քոչարյանն է ներկայացրել», - ասել է Ադրբեջանի ղեկավարը: Ալիեւը նաեւ մի ուշագրավ հայտարարություն է արել, ասելով, թե, չնայած մի շարք պետությունների հորդորներին, Ադրբեջանը երբեւէ չի համաձայնի տնտեսական կապեր հաստատել Հայաստանի հետ, քանի դեռ կարգավորված չէ Ղարաբաղի խնդիրը: «Բանակցային գործընթացն ավելի արդյունավետ կլինի, եթե Հայաստանն առավել ճկուն դիրքորոշում որդեգրի եւ հրաժարվի Ղարաբաղն Ադրբեջանից անջատելու մտադրությունից: Եթե Հայաստանն ուզում է, որ Ադրբեջանն ուղղակի բանակցի Լեռնային Ղարաբաղի հետ, ուրեմն պետք է այլեւս չմասնակցի հակամարտությանը: Սակայն, իրականում Հայաստանը շարունակում է աջակցել Ղարաբաղին», - ասել է Ալիեւը:

Մինսկում Հայաստանի նախագահին ուղեկցում են վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը եւ այլ պաշտոնյաներ: ԱՊՀ գագաթնաժողովի պաշտոնական բացումը տեղի կունենա վաղը՝ հունիսի 1-ին:

Արմեն Քոլոյան՝ Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG