Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանությամբ, «քաղաքական ու խորհրդարանական գործունեության տեսանկյունից տարօրինակ ոչինչ չկա» նրանում, որ Ազգային ժողովը երեկ չհաստատեց նախորդ տարվա պետբյուջեի կատարման հաշվետվությունը: «Քաղաքական շահերն իրենցն են պահանջում: Սակայն, տարօրինակը այդ շահերի՝ երկրի, պետական շահերին հակասելն է», - գնահատում է «Հայաստանի Հանրապետությունը»: Այստեղ, ինչպեսեւ «Ժամանակ» թերթում շեշտադրված է, որ «Ներկայիս կառավարությունը պատասխանատու է միայն նախորդ մայիսից հետո ընկած ժամանակահատվածի համար... Բազմիցս նշվել է, որ 2000թ. բյուջեն, ինչպես նախորդ 2-3 տարիների պետբյուջեները, կատարվել է տարբեր կառավարությունների կողմից: Հետեւաբար, այդպիսի բյուջեների կատարումը չի կարող դառնալ որեւէ կառավարության գործունեության գնահատականը», - ընդհանրացնում է «Ժամանակ»-ը: «Միշտ էլ մի կո՜ւշտ բողոքելուց հետո բյուջեի թերակատարումից՝ պատգամավորներն անիմաստ եւ անհեթեթ էին համարում ներկա կառավարությանն անցածների գործունության համար պաշտոնանկության դուռը հասցնելը... եւ ահա՝ նման նախադեպ եւս ստեղծվեց», - արձանագրում է «Առավոտ»-ի մեկնաբանը, առանձնացնելով, որ «կառավարությանը տհաճություն պատճառեցին հենց այն ուժերը, որոնց վրա հույս դնելով՝ երբեմն նոր մեծամասնություն ձեւավորելու կոչեր են հնչում»: Միաժամանակ, ակնհայտ է համարվում, որ այդ տհաճությունը ժամանակավոր է, որեւէ խումբ կամ խմբակցություն կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծ չի ներկայացնի, «մի խոսքով, կառավարությանն այս միջադեպից թերեւս միայն թեթեւ վախը հետեւանք կմնա»:

«Անկախ նրանից՝ ստեղծված իրավիճակն ընթացք կունենա՞, թե՞ ոչ, վերստին խարխլվում է կարկատված կայունությունը», - ընդգծել է «Ազգ» թերթի մեկնաբանը: - «Եվ էապես կարող է վնասվել երկրի վարկը»: «Հայկական ժամանակ» թերթը, գրանցելով, որ «անկախ ամեն ինչից, Ա. Մարգարյանի կառավարությունը երեկ եւս մեկ անգամ ոտնահարվեց», իսկ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, «Անդրանիկ Մարգարյանին լուրջ չեն վերաբերվում» վերնագրով մի առանձին վերլուծականում էլ պատկերում է. «Սերժ Սարգսյանը... այսօր նրա կաբինետում զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը՝ իրականում ավելի մեծ լիազորություններ ունի, քան կառավարության ղեկավարը: Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ, ասենք, հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովը ղեկավարում է ոչ թե վարչապետը, այլ պաշտպանության նախարարը: Վերջինս տարբեր երկրների ղեկավարների հետ պարբերաբար բանակցություններ է վարում Հայաստանի տնտեսական խնդիրների վերաբերյալ... Իսկ երբ յուրաքանչյուր եռամսյակի վերջում մեր տնտեսության մակրոտնտեսական ցուցանիշների «աննախադեպ» աճի մասին հայտարարում է ոչ թե վարչապետը, (ինչը, ըստ էության, անմիջականորեն առնչվում է նրա աշխատանքին) այլ Ռոբերտ Քոչարյանը, ապա ընդհանրապես անհասկանալի է դառնում, թե ի՞նչ ֆունկցիաներ ունի հանրապետության վարչապետը»: «Հայկական ժամանակ»-ը նաեւ լրացնում է, թե «անցած շաբաթ Երեւան ժամանած ԱՊՀ 5 ղեկավարների ընդունելությունից պարզ դարձավ, որ գործադիր իշխանության ղեկավարը անգամ որեւէ երկրի նախագահի դիմավորելու կամ նրանցից որեւէ մեկի հետ շփվելու պատվին չէր արժանացել»:

«Ազգ»-ում այսօր վերապահում կա, որ «դեռեւս հստակ չէ Մինսկի գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ եռակողմ հանդիպման հարցը: Ըստ երեւույթին, նման հանդիպման նպատակահարմարության հարցը կվճռեն ռուսները՝ կողմերի միջեւ գործնական խոսակցության հեռանկարի առկայության դեպքում»: «Հայոց Աշխարհ»-ում, սակայն, արդեն վերլուծություն կա, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մինսկյան հանդիպումը վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ քիուեսթյան նախաձեռնությամբ պայմանավորված բանակցային գործընթացի փակուղի մտնելու փաստի նոր վկայությունն է»: Մեկնաբանի հայացքով, «Ռուսաստանն... այժմ կտրուկ մեծացնում է իր դերակատարությունը, փորձում լիովին խլել նախաձեռնությունը՝ դառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդն ու երաշխավորը»: Ընդ որում՝ «Ռուսաստանի նոր հայտը հիմնվում է նոր կոնցեպտուալ մոտեցումների վրա: Եթե նախկինում տարածաշրջանում առկա հակամարտությունների չկարգավորված լինելու փաստը դիտվում էր որպես Արեւմուտքի ներթափանցումը կանխելու միջոց, ապա ներկայումս ընդհակառակը՝ փորձ է արվում հենց խաղաղության հաստատման միջոցով աշխարհառազմավարական առումով ինտեգրել ողջ Կովկասը»:
Նշելով, որ «պատային իրավիճակներում հայտնված եւ խաղաղությանը ներքնապես դեռեւս անպատրաստ երկրներում հակադիր աշխարհաքաղաքական ազդակների բախումը առաջ է բերում ներքաղաքական խոր ցնցումներ», - մեկնաբանը կանխատեսում է, թե «շատ շուտով նման ցնցումների ասպարեզ կդառնա մեր հարեւան Ադրբեջանը... քանի որ Հայաստանն, ըստ էության, հստակեցրել է իր դիրքորոշումները»:

«Որտե՞ղ պետք է ծնվեին փոխզիջումային գաղափարները, եթե Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքական ու հասարակական ուժերը միմյանց լսելու սահմանին չմոտեցան», - հարց է դնում այսօր «Ժամանակ» թերթը: - «Կողմերն առ այսօր, հասարակական տրամադրությունների մակարդակում, չեն ճշտել իրենց «զիջումային» հնարավորության պաշարը»: Առանց քննարկումային, բանավիճային նորմալ մթնոլորտի ձեւավորման «որեւէ համաձայնություն, առավել եւս փոխզիջում հնարավոր չէ», - շեշտվում է «Ժամանակ»-ում: Եվ ունենում ենք գործընթացին «պասիվ հետեւող քաղաքական ու հասարակական ուժերի մի զանգված, որը որեւէ առիթ բաց չի թողնում չարախոսելու, իսկ հետագայում՝ նաեւ խանգարելու: Նման պայմաններում հարցի կարգավորման փակուղին դառնում է տրամաբանական անհրաժեշտություն»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG