Մատչելիության հղումներ

«Էմնիսթի ինթերնեշնլ» կազմակերպության տարեկան զեկույցը՝ Հայաստանի մասին:



«էմնիսթի ինթերնեշնլ»-ի տարեկան զեկույցի համաձայն, 2000 թվականին՝ նախորդ 1999 թվականի համեմատությամբ, Հայաստանում քիչ բան է փոխվել: Քննչական մեկուսարաններում ու ազատազրկման վայրերում տիրող անմարդավայել պայմանները եւ մարդկանց կտտանքների ենթարկելը, ինչպես նաեւ քաղաքական կամ կրոնական պատճառներով զինվորական ծառայությունից հրաժարվողներին հետապնդելը շարունակում են մնալ մարդու իրավունքների ամենատարածված խախտումները Հայաստանում, արձանագրված է կազմակերպության այսօր հրապարակված տարեկան զեկույցում:

Զեկույցի հեղինակների բնութագրմամբ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո առաջացած ներքաղաքական անկայունությունը պահպանվում է առ այսօր: Հայաստանը 2000 թվականին չի կատարել Եվրախորհրդին անդամակցության հիմնական նախապայմաններից եւ ոչ մեկը: Այլընտրանքային զինծառայության բացակայության պատճառով, ընդհանուր առմամբ, Հայաստանում տուժել է 16 մարդ: Ազգությամբ քուրդ Եհովայի վկա մի զինակոչիկի, թեեւ նա նախապես գրավոր բացատրություն էր ներկայացրել, թե ինչու չի կարող զենք բռնել, ձերբակալել, ծեծել եւ ապա դատել են:

Հայաստանի իշխանությունները խիստ քննադատության են արժանացել նախաքննության ընթացքում կասկածյալների իրավունքները ոտնահարելու համար: Զեկույցում հիշատակվում են Նաիրի Բադալյանի եւ Նաիրի Հունանյանի անունները, որոնց «իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը կոպիտ կերպով ոտնահարվել են հետաքննության մարմինների կողմից»: «Էմնիսթի ինթերնեշնլ»-ը պահանջում է անմիջապես դադարեցնել կտտանքները, երաշխավորել ձերբակալվածների հանդիպումները փաստաբանի, ընտանիքի անդամների եւ, իրենց ընտրությանբ, բժշկի հետ:

Այս ամենը գրեթե ամբողջությամբ կրկնում է նախորդ տարվա զեկույցը: ՄԻնչդեռ, լուրջ մտահոգություն է առաջացնում այս տարի տեղ գտած նոր մեղադրանքը՝ Հայաստանում ոտնահարվում են երեխաների իրավունքները: Երեխաները ենթարկվում են հոգեբանական եւ ֆիզիկական ճնշման, սեռական հետապնդումների ընտանիքում, դպրոցում, հատուկ երեխաներին խնամելու նպատակով ստեղծված հաստատություններում:

40 տարի առաջ ստեղծված «Էմնիսթի ինթերնեշնլ»-ը իրավապաշտպան կազմակերպություն է, որի հիմնական նպատակը ժողովրդավարական ազատությունների եւ մարդու իրավունքների խախտումների բացահայտումն ու դրանց դեմ պայքարելն է:

Արմեն Դիլանյան, էմիլ Դանիելյան՝ Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG