Մատչելիության հղումներ

Գրիբկովի կարծիքով, Ժնեւյան բանակցությունների նախապատրաստությունն անբավարար էր


ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովն այսօր հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ժնեւյան հանդիպման հետաձգման պատճառն այն է, որ միջնորդները ցանկանում են ավելի լավ նախապատրաստվել իրական եւ դրական արդյունքների հասնելու համար: Ադրբեջանական ANS հեռուստակայանին տված հարցազրույցում Գրիբկովը նշել է, թե համանախագահները ամեն ինչ անում են, որ Հեյդար Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը շուտով կրկին հանդիպեն եւ լուծեն Ղարաբաղյան հիմնահարցը:


Մինսկի խմբի Ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկով



Երկուշաբթի օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ Սյուրմենը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտնել էր, թե Ժնեւյան հանդիպումը հետաձգվում է անորոշ ժամանակով: Այսօր Նիկոլայ Գրիբկովը, հաստատելով այդ լուրը, ասաց, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ժնեւյան հանդիպման հետաձգումը պետք է դիտվի որպես նորմալ իրադարձություն:

Ռուսաստանցի դիվանագետը հայտնել է, թե միջնորդները կրկին կայցելեն տարածաշրջան, բայց այցի ժամկետները դեռեւս չեն որոշել: Այսօր ադրբեջանական թերթերը հրապարակել են մայիսի 28-ին Հեյդար Ալիեւի արտասանած ճառն ամբողջությամբ: Հանրապետության անկախության օրվա առթիվ արտասանած այդ ճառում, Հեյդար Ալիեւը հայտարարել է, թե իր ժամանակի մեծ մասը նվիրում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: «Ես օր ու գիշեր աշխատում եմ այդ հարցը լուծելու համար», - հայտարարել է Ալիեւը:

Արմեն Դուլյան՝ Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG