Մատչելիության հղումներ

Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովը կուսումնասիրի կապի ոլորտում կառավարության գործունեությունը


«Օրինաց Երկիր» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովն այսօր իր արտահերթ նիստում որոշում ընդունեց ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի կապի ոլորտում Հայաստանի կառավարության գործունեությունը: Քննարկման դրված մյուս օրինագիծը՝«Հեռահաղորդակցության մասին» օրենքում րոպեավճարի կիրառումն արգելող, Արմենթելի մենաշնորհը վերացնող դրույթներ մտցնելու մասին, օրակարգից հանվեց:

Հիմնական զեկուցող, «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն իր եզրափակիչ ելույթում համաձայնեց հարցն օրակարգից հանել մինչեւ սեպտեմբեր, նկատի ունենալով, որ կառավարությունը
բանակցում է Արմենտելի հետ րոպեավճարի ներդրման շուրջ, ինչպես նաեւ այն, որ ՕԹԵ-ի ներդրումային պարտավորությունների կատարումն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովը վերջնական եզրակացությունը Ազգային Ժողովին է ներկայացնելու աշնանային նստաշրջանի առաջին եռօրյայում:

Արեւմուտքում, հատկապես Եվրամիության անդամ երկրներում, որոնցից է Հունաստանը, գործում են հակամենաշնորհային խիստ օրենքներ՝ նաեւ, մասնավորապես, այս բնագավառում: Եվրամիության տարածքում գործում է Հեռահաղորդակցության մասին ակտը, որն անդամ երկրներին պարտավորեցրել էր մինչեւ 1998թ. վերացնել մենաշնորհը եւ ազատականացնել հեռահաղորդակցության շուկան: Ակտը, սակայն, հինգ տարվա լրացուցիչ ժամանակ էր տվել որոշ երկրների, այդ թվում՝ Հունաստանին: Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ստորագրված համաձայնագրի 25-րդ հոդվածում նշված է, որ Եվրամիության ընկերությունները Հայաստանում պարտավոր են գործել ոչ միայն Հայաստանի, այլեւ Եվրամիության օրենքներով: Այսպիսով, ՕԹԻ-ն կխախտի Եվրամիության օրենքը, եթե մինչեւ 2003թ. չհրաժարվի մենաշնորհային իրավունքից:

Բացի դրանից, Արեւմտյան Եվրոպայում ներկայումս հեռախոսային ընկերությունների վրա մեծ ճնշում է գործադրվում րոպեավճարից հաստատագրված ամսավճարի անցնելու համար: ԱՄՆ֊ում գործում է ամսավճարը: Տեղական զանգերը փաստորեն անվճար են: Իսկ Եվրոպայում շեշտակիորեն նվազեցվել է րոպեավճարի չափը:

Ազգային ժողովում այսօր նաեւ ասուլիս էր հրավիրել Շավարշ Քոչարյանը: ԱԺԿ հիմնադիր համագումարի որոշմամբ, կուսակցությունը սահմանադրության իր մշակած նախագիծը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնելու է Ազգային ժողովին եւ այդ կապակցությամբ բանակցություններ է սկսում խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ: Թեեւ Շավարշ Քոչարյանն իր հիմնադրած կուսակցության միակ ներկայացուցիչն է Ազգային ժողովում, որտեղ ավելի մեծաքանակ ուժեր պատրաստվում են ներկայացնել սահմադրության իրենց նախագծերը, նա համարում է, որ իրենց՝ խորհրդարանական կառավարում ենթադրող սահմանադրության նախագծի շուրջ «կարող է միավորվել քաղաքական դաշտի որոշ հատվածը»:

Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG