Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը քննարկելու է Արմենթելի մենաշնորհի վերացումը օրենքով ամրագրելու հարցը


«Օրինաց Երկիր» խմբակցության նախաձեռնությամբ, որը պաշտպանել են խորհրդարանում ներկայացված գրեթե բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, վաղը երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստը կքննարկի «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը եւ «Արմենտել» Համատեղ ձեռնարկության պայմանագրային պարտավորությունների կատարումն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը:

Նպատակը «Հեռահաղորդակցության մասին» օրենքում րոպեավճարի կիրառումն արգելող եւ Արմենթելի մենաշնորհը վերացնող դրույթներ մտցնելն է:

«Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի համոզմամբ, ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում րոպեավճարի կիրառումն անընդունելի է: «Մենք սա համարում ենք նաեւ կարեւորագույն քաղաքական հարց, որովհետեւ այսօր հանրապետության բարձրագույն իշխանությունները հայտարարում են ներդրումներ ներգրավելու անհրաժեշտության մասին: Բայց մենք պետք ունենանք այդ ներդրումների իրական ծավալները վերահսկելուն վերաբերող երաշխիքներ», -ավելացրեց Արթուր Բաղդասարյանը:

«Ինտերնյուզ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Արմենթելի կողմից րոպեավճար մտցնելը կարող է լուրջ վնաս հասցնել ինտերնեթային հաղորդակցությանը Հայաստանում՝ կտրուկ կերպով սահմանափակելով Ինտերնեթից օգտվելու բնակչության հնարավորությունները:

Սահմանադրական դատարանը դեռեւս 1998 թվականին «Հեռահաղորդակցության մասին» օրենքի համապատասխան կետը սահմանադրությանը չհամապատասխանելու մասին եզրակացություն էր տվել՝ մենաշնորհի իրավունքն, այդուհանդերձ, երկարաձգելով հինգ տարով: Արթուր Բաղդասարյանի խոսքերով, հնարավոր չէ ասել, թե իրենց կողմից առաջարկվող օրինագծի մյուս կետերը հակասո՞ւմ են, արդյոք, Արմենթելի պայմանագրին, քանի որ իրենք այդ պայմանագրին ծանոթանալու հնարավորություն չեն ունեցել. Ազգային ժողովում եղած պայմանագրի միակ լրիվ օրինակը անգլերեն լեզվով է:

Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG