Մատչելիության հղումներ

Միջնորդները հաստատեցին Ժնեւյան բանակցությունների հետաձգումը


Երկուշաբթի օրը միջազգային միջնորդները հաստատեցին այն հաղորդումները, ըստ որոնց Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հայ-ադրբեջանական գագաթնաժողովը, որ նախապես ծրագրված էին Ժնեւում հունիսի կեսերին, հետաձգվում է անորոշ ժամանակով: Հաղորդվում է, սակայն, որ միջնորդները լավատես են մնում խաղաղ կարգավորման հասնելու հնարավորությունների առումով: ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան ներկայացնող բարձրաստիճան մի դիվանագետ ասել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը հետաձգվել է՝ երկու երկրներին ղեկավարներին ստորագրվելիք փաստաթղթի բոլոր մանրամասներն համաձայնեցնելու եւ հասարակությանը փոխզիջումներին նախապատրաստելու համար ժամանակ տրամադրելու նպատակով:


Ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ Սյուրմեն



«Հունիս ամսվա՝ որպես բարձր մակարդակով բանակցությունների անցկացման ժամկետի, մասին խոսվել է առանց ճշգրիտ օրը նշելու, իսկ Բաքու եւ Երեւան այցելելուց հետո եկանք այն եզրակացության, որ իրադարձությունների ընթացքը արհեստականորեն արագացնելու հարկ չկա, եւ պետք է մի քիչ էլ աշխատել մանրամասների վրա», - «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով ասել է ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ Դե Սյուրմենը: Վերջինիս խոսքերով, որոշումն ընդունվել Մինսկի խմբի ֆրանսիացի, ռուս եւ ամերիկացի համանախագհաների կողմից՝ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի խնդրանքով:

«Նրանք գտան, որ ավելի ճիշտ ու արդյունավետ կլինի հանդիպումն այժմ չանցկացնել: Նրանք շոշափելի արդյունքը գերադասեցին այնպիսի արդյունքին, որի համար չարժե այս աստիճան կարեւորություն ունեցող հանդիպում անցկացնել», - պարզաբանեց Ֆիլիպ Դե Սյուրմենը: Ալիեւն ու Քոչարյանը «նպատակուղղված են» հակամարտության փոխզիջումային լուծմանը՝ չնայած իրենց երկրների ներսում զիջումների անելու հարցում գոյություն ունեցող կոշտ ընդդիմությանը, ավելացրեց դեսպանը:

Հայաստանի արտգործնախարարությունն անցած շաբաթվա վերջին հայտարարել էր, որ հակամարտող երկրների նիջեւ ԵԱՀԿ հովանու ներքո բարձր մակարդակով բանակցությունները ծրագրված ժամկետում տեղի չեն ունենա, քանի որ «հասարակությունը դեռեւս պատրաստ չէ փոխզիջումների»: Դա, սակայն, չի նշանակում, թե խաղաղության գործընթացը կանգ է առել», - արեւմտյան լրատվական գործակալություններին հաղորդել է արտգործնախարարության խոսնակը:

Ֆիլիպ Դե Սյուրմենի խոսքերով, այն փաստը, որ համաձայնությանն աննախադեպորեն մոտ գտնվող նախագահներին լրացուցիչ ժամանակ է պետք, վկայում է նրանց մտադրությունների լրջության մասին. «Ես կարծում եմ, որ դա բավական լավ նշան է: Որքան շատ ենք առաջ շարժվում, այնքան ավելի լավ ենք տեսնում հարցի ողջ բարդությունը: Ամենաշատ ժամանակը միշտ էլ վերջնական Վերջնական շտկումների վրա է ծախսվում»:

Ֆրանսիացի գլխավոր բանագնացը, նրա ռուս եւ ամերիկացի գործընկերները բոլորովին վերջերս շրջագայել են Հայաստանում, Ադրբեջանում եւ Ղարաբաղում՝ մեկ անգամ էլ գնահատելու կողմերի դիրքորոշումները: Մաքոքային դիվանագիտության այս վերջին փուլից հետո միջնորդներն ավելի զգուշավորությամբ էին արտահայտվում ղարաբաղյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ:

Սյուրմեյնը, որը մինչեւ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելը, Ֆրանսիայի դեսպանն էր Իրանում, հավաստեց, որ միջնորդական եռյակը չի փորձելու կողմերին որեւէ լուծում «պարտադրել» եւ առաջիկայում պետք է որոշի, թե որտեղ կանցկացնի Ալիեւ- ոչարյան հաջորդ հանդիպումը: «Մենք ճշգրիտ ժամկետներ չենք նշի: Երբ իրերի ընթացքը բարենպաստ լինի, մենք կվերսկսենք մեր ջանքերը»,- ասաց նա:

Ժան Քրիստոֆ Պեոշ եւ էմիլ Դանիելյան՝ Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG