Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը կոչ արեց Հարավային Կովկասի պետություններին օգնել պայքարելու տարածաշրջանում ահաբեկչության եւ կրոնական ծայրահեղականության դեմ: «Կարեւոր է ուժեղացնել ու բարելավել մեր համագործակցությունը եւ ձգտել համատեղ լուծումներ որոնել Կովկասի դժվարին հիմնախնդիրների լուծման համար», - ասաց Պուտինը երկուշաբթի օրը Մոսկվայում բացված Կովկասյան խորհրդաժողովի մասնակիցներին հղած իր ուղերձում: Խորհրդաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի պատմաբաններն ու քաղաքագետները: Պուտինի ուղերձը ընթերցեց Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովը:




ԱՊՀ առաջիկա գագաթաժողովի նախաշեմին Ռուսաստանի արտգործնախարարը հավաստիացրեց, որ Մոսկվան ցանկանում է կարգավորել Հարավային Կովկասի հակամարտությունները, լուծել տարածարջանի հիմնախնդիրները: Այդ նպատակին է ծառայելու, ըստ արտգործնախարարի, Կովկասյան քառյակի՝ Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը Մինսկում: Ռուսաստանի արտգործնախարարը հատկապես ցանկանում էր փարատել Վրաստանի մտավախությունները, որը կասկածամտությամբ է վերաբերում Կրեմլի ցանկացած նախաձեռնությանը: Իվանովն ակնարկեց, որ Մոսկվան կարող է հանել Վրաստանի նկատմամբ սահմանված վիզային ռեժիմը, եթե Թբիլիսին համագործակցի չեչեն ապստամբների դեմ մղվող պայքարում: Վրաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որի նկատմամբ Մոսկվան վիզային ռեժիմ է սահմանել:

Չեչենական պատերազմի օրերին Ռուսաստանը մեղադրում էր Վրաստանին չեչեն ապստամբներին օժանդակելու, մասնավորապես, վրացական տարածքը նրանց տարամադրելու համար: Վրաստանը փաստորեն միակ օտար երկիրն է, որն անմիջական սահման ունի Չեչնյայի հետ: Պաշտոնական Թբիլիսին հերքում էր մեղադրանքները:

Վրաստանն իր հերթին մեղադրում է Մոսկվային հակավրացական քաղաքականություն վարելու մեջ: Վրաստանը աստիճանաբար սահմանափակում է իր մասնակցությունը ԱՊՀ կառույցներում: Մեկնաբանելով ԱՊՀ հավաքական անվտանգության խորհրդից դուրս գալու Վրաստանի որոշումը, Էդուարդ Շեւարդնաձեն ասել է, թե այդ որոշումը ճիշտ քայլ էր: Անցած շաբաթ Վրաստանում տեղի ունեցած զինվորական խռովության օրերին կասկածներ կային, թե Շեւարդնաձեն կարող է չմասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին: Սակայն ճգնաժամը արագ հարթվեց, եւ վրաց ղեկավարը հաստատեց, որ մասնակցելու է Մինսկի գագաթնաժողովին:

Մոսկվան, մյուս կողմից, փորձում է աշխուժացնել իր կապերն Ադրբեջանի հետ: Եվ այդ փորձերը, կարծես թե, հաջողվում են: Այս տարվա սկզբին Բաքու կատարած իր այցի ընթացքում, Ռուսաստանի նախագահը փորձեց շտկել հարաբերությունները Ադրբեջանի հետ: Բաքվում Պուտինը ջանք չխնայեց հավաստիացնելու ադրբեջանցիներին, որ իր կառավարությունը նոր քաղաքականություն է սկսում Հարավային Կովկասում: Ռուսաստանի նախագահը, առաջին անգամ հետխորհրդային իրականության պատմության ընթացքում, Արբեջանի հետ հարաբերությունները հռչակեց «ռազմավարական»: Անցած շաբաթ Երեւանում ավարտված ԱՊՀ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի ժամանակ Ռուսաստանի նախագահը չշեղվեց Բաքվի հետ մերձեցման այս միտումից՝ հայտարարելով, թե իր համար հավասարապես կարեւոր են հարաբերությունները թե' Ադրբեջանի եւ թե' Հայայստանի հետ: Այս երկու կովկասյան երկրների հետ հարաբերությունները Ռուսաստանի նախագահն անվանեց «առանձնահատուկ»: Հետաքրքական է նաեւ այն իրողությունը, որ այսօր, երբ ադրբեջանցիները տոնում են անկախության օրը, համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ Երկրորդը հանդիպեց Հեյդար Ալեւին: Կրեմլի հոգեւոր պատվիրակը, իր հերթին, փորձում է ուժեղացնել Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանում եւ ամբողջ Կովկասում: Ալեքսիյ Երկրորդն առաջարկեց Բաքվում անցկացնել կովկասյան հոգեւոր քառյակի հանդիպում:

Այսօր Մոսկվայում տեղի ունեցած Կովկասյան խաղաղության խորհրդաժողովում Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովն ասաց, թե մայիսի 31-ին Մինսկում կայանալիք Կովկասյան քառյակի հանդիպումը կօգնի ուղիներ գտնել տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար: Կովկասյան քառյակի հերթական հանդիպումը տեղի կունենա ԱՊՀ գագաթնաժողովի օրերին, որը նույնպես կբացվի Մինսկում՝ մայիսի 31-ին: Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովը հայտնեց այսօրվա խորհրդաժողովի մասնակիցներին, որ Կովկասյան քառյակի ղեկավարները ծրագրում են բաց քննարկում անցկացնել տարածաշրջանի հրատապ խնդիրների շուրջ:

Հրայր Թամրազյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG