Մատչելիության հղումներ

Հրանտ Բագրատյանը գնահատում է ներկայիս վարչապետի կառավարման ունակությունները


«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տրված բացառիկ հարցազրույցում, Հայաստանի նախկին վարչապետն ասաց, թե դժգոհ է Անդրանիկ Մարգարյանի աշխատանքից: Վարչապետը «լավ հաշվել չգիտի», - ասաց Հրանտ Բագրատյանը՝ մեկնաբանելով Անդրանիկ Մարգարյանի այն հայտարարությունը, թե տնտեսական աճը վերջին տարվա կտրվածքով կազմել է մոտ 10 տոկոս: Բագրատյանի գնահատմամբ, ընթացիկ տարում տնտեսական աճը Հայաստանում չի կարող անցնել 6-7 տոկոսից՝ ակնկալվող 12-15 տոկոսի դիմաց:

Հրանտ Բագրատյանը համոզված է, որ եթե ներկայիս տնտեսական քաղաքականության մեջ կան անգամ հաջողված քայլեր, ապա դրանք բացառապես նախկինում արված աշխատանքի՝ 90-ականներին սկսված եւ տնտեսության ազատականացմանն ուղղված բարեփոխումների տրամաբանական շարունակությունն են: Ձախողումները նախկին վարչապետը կապում է «սոցիալիստական, համայնավարական, ազգայնական պոպուլիզմի հետ»:

Ըստ Հրանտ Բագրատյանի, կառավարությունը չի կարողանում անգամ մոտենալ ուժային կառույցների կողմից վերահսկվող վառելիքի ներմուծման գործընթացին: Կամ՝ չի համարձակվում վերացնել, այսպես կոչված, կրկնակի հարթությունները, օրինակ, ծխախոտի արտադրության ոլորտում: Նա համոզված է, որ եթե դրսի եւ ներսի արտադրողները չդրվեն հավասար պայմանների մեջ, մեզ մոտ կզարգանա արհեստական մի արտադրություն, որ վաղ թե ուշ փուչիկի պես կպայթի: Նույն վերաբերմունքն ունի նախկին վարչապետը նաեւ ներդրումների հարցում՝ դրսի եւ ներսի ներդնողները պետք է լինեն հավասար պայմաններում:

Անդրադառնալով ընթացիկ տարում 40 հազար նոր աշխատատեղ բացելու հնարավորությունը, նախկին վարչապետը բառացիորեն ասաց. «Ես, բնականաբար, չեմ կարող հաշվել, թե դրանք ռեալ են կամ ոչ: Չնայած, պետք է անկեղծորեն ասեմ, որ 40 հազարն այդքան էլ մեծ թիվ չէ. Համախառն ներքին արտադրանքի՝ յուրաքանչյուր մեկ միլիոն դոլարի աճին համապատասխանում է 200-500 նոր աշխատատեղ»: Ըստ նման հաշվարկի, 1995 թվականին Հայաստանում բացվել էր առնվազն 60 հազար աշխատատեղ:

Խոսելով կառավարության առաջնահերթ խնդիրների մասին, Հրանտ Բագրատյանը նշեց, որ դրանցից կարեւորագույնը կառուցվածքային բարեփոխումները շարունակելն է: Դրան զուգահեռ հարկավոր է լուծել քաղաքական մենիշխանության խնդիրը, քանի որ քաղաքական դաշտում այսօր բացարձակապես իշխում են սոցիալիստական ուժերը, թեեւ վերջիններս, ըստ նախկին վարչապետի, տարբեր են, իսկ հաճախ՝ նույնիսկ իրարամերժ:

Հրանտ Բագրատյանը անդրադարձավ նաեւ Համաշխարհային բանկի՝ Հայաստանում վարվող քաղաքականությանը, որը բոլորովին վերջերս Հայաստանին տրամադրեց Կառուցվածքային բարեփոխումների չորրորդ վարկի (SAC-4) հերթական տրանշը, թեեւ նախապես դա պայմանավորվում էր բաշխիչ էլեկրացանցերի սեփականաշնորհմամբ: Նախկին վարչապետը դա կապեց Ղարաբաղի հարցի օրակարգում լինելու եւ այն բանի հետ, որ անմիտ կլիներ երկիրը զրկել բարեփոխումները շարունակելու հնարավորությունից: Դեր ունեցավ նաեւ բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման դեմ հանդես եկած սոցիալիստական ընդդիմության գործոնը. եթե գումարը չտրվեր, կմեծանային այդ ընդդիմության հաղթանակի հնարավորությունները:

Հրանտ Բագրատյանը Հայաստանի հանրապետության պատմության մեջ ամենաերկարակյաց վարչապետն է եղել: 1991 թվականին նա եղել է կառավարության նախագահի պաշտոնակատարը, իսկ 1993-1996թթ.՝ ՀՀ վարչապետը:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG