Մատչելիության հղումներ

Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով արդեն երկու օր Երեւանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ստորագրեցին երկու երկրների միջեւ բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագիրը: Մյուս 4 միջկառավարական համաձայնագրերը վերաբերում են ներդրումների փոխադարձ աջակցությանն ու պաշտպանությանը, 1992-1994 թվականների պարտքային պարտավորությունների կարգավորմանը, արդարադատության եւ կրթության բնագավառներում համագործակցությանը:




Երկու նախագահների համատեղ ասուլիսում Բելառուսի նախագահն ասաց, թե Հայաստանի հետ համագործակցության համար Բելառուսում փակ ոլորտներ չկան: Երկրների միջեւ ամենասերտ համագործացության օրինակը, ըստ նախագահների, Հավաքական անվտանգության պայմագիրն է: Ինչպես հայտարարեցին երկու նախագահները, ստորագրված փաստաթղթերով լիովին ձեւավորվեց երկու երկրների միջեւ համագործակցության իրավական հիմքը: Հայաստանի եւ Բելառուսի միջեւ բոլոր մակարդակի հարաբերությունները՝ ներառյալ նախագահների անձնական հարաբերությունները, ջերմ են ու բարեկամական:

Խոսքի ազատության, ժողովրդավարական սկզբունքների պահպանման մասին խոսք չեղավ: Խոսք չեղավ նաեւ «Ռուսաստան-Բելառուս» միությանը Հայաստանի անդամակցության մասին: Հիմնականում շոշափվեցին տնտեսական համագործակցության հարցեր: Ալեքսանդր Լուկաշենկոն ասաց, որ Բելառուսին հետաքրքրում է մեր կաուչուկը, կոնյակն ու գինինիները: Փոխարենը Բելառուսը կարող է առաքել անվադողեր եւ այլ ապրանքներ: Երկու երկրների միջկառավարական տնտեսական հանձնաժողովն արդեն 3 նիստ է գումարել՝ երկկողմանի առեւտուրը նպատակով:

Բելառուսի եւ Հայաստանի տնտեսական կապերը խզվել են ԽՍՀՄ փլուզումից հետո: Առեւտրի ծավալը երկու երկրների միջեւ անցյալ տարի կազմել է 1,5 միլիոն դոլար:

Պաշտոնական այցի շրջանակներում Բելառուսի նախագահը հանդիպում ունեցավ նաեւ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի հետ: Վարչապետի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէր:

Բելառուսի նախագահի պաշտոնական այցը կավարտվի վաղը:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG