Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Երեկ Երեւանում ավարտված ՀԱՊ-ի անդամ երկրների գագաթնաժողովին մամուլն ավելացնելու բան, կարծես թե, չունի: Փոխարենը՝ մի քանի թերթերի համար այն առիթ է դարձել մտորելու հայ-ռուսական հարաբերությունների որակի ու ապագայի մասին: Մինչ քաղաքական որոշ շրջանակներ հայ-ռուսական ներկա հարաբերությունները բնորոշում են «բարդ» բառով, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Սուրեն Սահակյանը «Ազգ»-ի թղթակցին ասել է. «Ես ռուս դիվանագետներից հարաբերությունների վատթարացման ակնարկներ չեմ լսել... Տնտեսական ոլորտում չակերտներով կոշտ խոսակցություններ են ստացվում: Բայց դա բացարձակապես հարաբերությունների հետ կապ չունեցող հարց է»: Դեսպանը հավաստիացնում է՝ Մոսկվայում առանց խանդի են վերաբերվում Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերություններին, «շատ լավ հասկանալով, որ մեր քաղաքական, տարածաշրջանային անվտանգությունը կապված է ՌԴ-ի հետ»:

«Հայկական ժամանակ» թերթի գնահատականներով, Ռուսաստանում վերջին տարիներին վերահաստատվել է կայսերականությունը, «ռուսները շարունակում են ՀՀ-ն շրջանցելու քաղաքականությունը. Հայաստանը նրանց համար երկիր չէ, այլ ռազմական հենակետ»: «Ռուսաստանի փոխարտգործնախարար Իվան Իվանովը Մոսկվայում տեղի ունեցած ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններին նվիրված սեմինարում հայտարարել է, որ «պատմականորեն անհնար է Հայաստանի տարածքով Թուրքիա տեղափոխել ռուսաստանյան գազը եւ էլեկտրաէներգիան»: Ռուսաստանը պատմականորեն շահագրգռված է եղել հայ-թուրքական հարաբերությունների վատթարացմամբ: Այսօր էլ միակ պատճառը, որ Հայաստանը չի կարողանում պոկվել ռուսական կողմնորոշումից, հայ-թուրքական վատթար հարաբերություններն են», - մեկնաբանվում է «Հայկական ժամանակ»-ում: - «Եթե Ռուսաստանը Հայաստանով Թուրքիային գազ եւ էլեկտրաէներգիա մատակարարի, ստիպված կլինի նաեւ շահագրգիռ լինել հայ-թուրքական նորմալ հարաբերությունների հաստատմամբ եւ տարածաշրջանային կայունությամբ, քանի որ հակառակ դեպքում կվտանգվի նրա սպառման շուկայի կայունությունը: Բացի այս, նման պարագայում Ռուսաստանը զրկվում է Հայաստանի նկատմամբ ճնշման միակողմանի լծակից, եւ մեր երկիրը ծրագրի իրականացման դեպքում կարող է որոշակի պայմաններ թելադրել Ռուսաստանին»:

«Հավաքական անվտանգության պայմանագիրը գլոբալ հարթության վրա Ռուսաստանի քաղաքական հայտն է, Արեւմուտքից նրան նետված ձեռնոցը վերցնելու փաստի վկայությունը», եւ, ինչպես արժեվորում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, - «Նոր Ռուսաստանի բոլորովին նոր ու վերին աստիճանի հետաքրքրական քաղաքական հայտը Անդրկովկասի համար բացում է հենց այն աշխարհաքաղաքական հեռանկարները, որոնք առավել մոտ են մեր ազգային նպատակներին»: Մեկնաբանի հայացքով, այս ընթացքը «ամրապնդելու է մեր դիմադրողականությունը, ամրագրելու է Ղարաբաղի հարցի երկարատեւ սառեցումը, հնարավորություն է տալու տնտեսապես համագործակցել Արեւմուտքի հետ, բայց չգաղութացվել նրա կողմից՝ Հայաստանը վերածելով արտաքին միակողմանի պարտադրանքի բացառման վրա հիմնված տարածաշրջանային լուրջ գործոնի»: «Հայոց Աշխարհ»-ում կանխատեսվում է նաեւ, թե «մեզ համար լավագույն այս տարբերակում առկա միակ լուրջ սպառնալիքը՝ Ադրբեջան-Ռուսաստան մերձեցման հեռանկարը, գնալով նվազելու է, քանի որ Հայաստանը աշխարհաքաղաքական ու տնտեսական առումով կլանելու հնարավորությունից զրկվող Արեւմուտքը ստիպված է լինելու Իրանով «համակցվող» Ռուսաստան-Հայաստան դաշինքին հակադրել Վրաստանով «համակցվող» Թուրքիա-Ադրբեջան դաշինքը: Իսկ նման պայմաններում Ադրբեջանը չի կարող գերազանցել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության այն մակարդակը, որը ձեռք է բերում Հայաստանը»:

«Առավոտ» թերթը Ռուսաստանի հետ Հայաստանի ընդհանրություններին է անդրադառնում այլ կտրվածքով՝ նշելով, որ «Ռուսաստանի այսօրվա հիմնախնդիրները շատ նման են մերին: Այնտեղ, ճիշտ այնպես, ինչպես մեզ մոտ, գողանում են, չեն հարգում օրենքները եւ չեն սիրում սեփական պետությունը: Ռուսներն էլ, ճիշտ մեզ նման, իրենց երկրի տեր չեն զգում...Ո'չ ռուսները, ո'չ հայերը, ո'չ էլ, այսպես կոչված, սոցճամբարում հայտնված այլ ժողովուրդները չունեն ժողովրդավարական պետականություն կառուցելու փորձ: Պարզվում է՝ դրա ձեռքբերումն անհամեմատ ավելի դժվար է, քան նույնիսկ օտարերկրյա լծից ազատագրվելն ու անկախություն նվաճելը», - գրանցում է «Առավոտ»-ը: - «Անկախ պետականության ձեռքբերումը միայն սկզբում լիցքաթափեց մեր ազգային ինքնագիտակցությունը՝ հզոր խթան դառնալով նրա զարգացման համար: Հիմա մենք այն կրկին կորցնում ենք, կրկին պատրաստ ենք փախչել մեր անկախ պետությունից՝ ուր պատահի... Հավանաբար, այն պատճառով, որ մեզ այդպես էլ տեր չզգացինք մեր սեփական երկրում: Այսօր մենք նույն ստրուկներն ենք՝ միայն թե սեփական կառավարիչների լծի տակ: Ու դրանում, մեզնից բացի, ոչ մեկին մեղադրել չենք կարող», - եզրափակում է «Առավոտ»-ը:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, «Միասնություն» դաշինքի երկու թեւերն էլ նեղացել են ՀՅԴ խմբակցության նախագահ Աղվան Վարդանյանից «այն բանի համար, որ ԱԺ ամբիոնից ասաց, թե «Միասնության» ձեռքը կրակն ենք ընկել»: «Խռովելը՝ խռովել», - շարունակում է թղթակիցը, - «բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ «Միասնության» ձեռքից կրակն է ընկել անգամ «Միասնությունը»: ԱԺ բոլոր խումբ-խմբակցություններն առանց «ղալմաղալի ու մուտիլովկաների»՝ հոկտեմբերի 27-ի գործի շուրջ ԱԺ որոշմամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովում առաջադրեցին իրենց անդամներին, իսկ «Միասնությունը» երեկ այդ նպատակով նիստ գումարեց: Մեկ ժամ ողջ միջանցքով լսվում էր պատգամավորների գոռգոռոցը, հետո դուրս եկան ու հայտարարեցին, որ հարցը չի լուծվում, բայց՝ կլուծվի դաշինքի քաղխորհրդի նիստում... Ըստ ՀՀԿ-ի, ՀԺԿ-ն դեռ պետք է հիմնավոր ապացույցներ բերի, որ «Միասնությանը» հատկացված երեք տեղից երկուսը պետք է տրվեն ՀԺԿ-ին»: Կրքերն առավել բորբոքեց այն հանգամանքը, որ Ժողկուսակցությունը «հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՀԿ անդամ Վիկտոր Դալլաքյանի թեկնածությունը. «Մեր անդամին մենք պետք է առաջադրենք», - բորբոքվել են հանրապետականները:

Միասնականների այս հերթական քաշքշուկի հետքերով, «Երկիր»-ի թղթակիցը փոխանցում է Ժողկուսակցությունում խմորվող սպառնալիքը, թե՝ «եթե հանձնաժողովը չձեւավորվի այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում, մեր կողմից կլինի նոր հայտարարություն»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG