Մատչելիության հղումներ

Պուտինը հավատացնում է, որ Ռուսաստանը կենսականորեն շահագրգռված է Ղարաբաղյան կարգավորման հարցում


Այսօր Երեւանում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքներն ամփոփելու նպատակով հրավիրված 6 երկրների նախագահների համատեղ ասուլիսում նախագահ Պուտինը հատուկ անդրադարձավ Ղարաբաղյան հարցին: Լրագրողներից մեկը հետեւյալ հարցն ուղղեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին. «Փարիզի եւ Քի Ուեսթի հանդիպումներից հետո նախագահներ Շիրակը եւ Բուշը հանդես են եկել բավական լավատեսական հայտարարություններով: Ձեզ չի՞ թվում, որ Մինսկի խմբում համանախագահող երրորդ երկրի՝ Ռուսաստանի նախագահի նման հայտարարությունը բարենպաստ ազդեցություն կունենա Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա»: Վլադիմիր Պուտինը պատասխանեց. «Թվում է: Ցանկանում եմ հույս հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների, երկու երկրների ժողովուրդների միջեւ համաձայնությունը ձեռք կբերվի տեսանելի ապագայում. որքան շուտ՝ այնքան լավ: Ռուսաստանն այս հարցում կենսականորեն շահագրգռված է»: Ռուսաստանի նախագահը ասաց նաեւ, որ վերջին շրջանում ակտիվացել են Ռուսաստանի միջնորդական ջանքերը, եւ նաեւ դրանց շնորհիվ էր, որ տեղի ունեցան փարիզյան եւ քիուեսթյան հանդիպումները:



Վլադիմիր Պուտինը «առանձնահատուկ» անվանեց Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ասելով, որ դրանք ի սպաս են դրվելու ամբողջ տարածաշրջանում բարվոք վիճակ ստեղծելուն: Ռուսաստանի նախագահը բացառեց, թե այդ հարաբերությունները կարող են Ռուսաստանի կողմից օգտագործվել կողմերի վրա որեւէ ճնշում գործադրելու նպատակով:

Հավաքական անվտանգության խորհրդի երեւանյան նստաշրջանում ստորագրված 3 փաստաթղթերը վերաբերում են Կենտրոնական Ասիայում արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծմանը: Այդ ուժերը կազմավորվելու են Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից Կենտրոնական Ասիայի 3 երկրների՝ Տաջիկստանի, Ղազախստանի եւ Ղըրղզստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի զինված ուժերի մեկական գումարտակներից: Հրամանատարության կենտրոնակայանը տեղակայվելու է Ղըրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում: Նշանակվել են այդ զորամիավորման հրամանատարը եւ շտաբի պետը:

Ինչ վերաբերում է արեւմտյան եւ կովկասյան ուղղություններում տարածաշրջանային անվտանգության համակարգեր ստեղծելուն, ապա ինչպես նստաշրջանի շրջանակներում անցկացված՝ արտաքին գործերի, պաշտպանության եւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների նիստից հետո ասաց Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովը, այդ հարցը չի քննարկվել: Ըստ նրա, համակարգերի ստեղծման աշխատանքները պետք է կատարվեն աստիճանաբար՝ հաշվի առնելով տարածաշրջանում ձեւավորվող իրավիճակը:

Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների ղեկավարները ստորագրել են նաեւ քաղաքական հայտարարություն:

Նստաշրջանում որոշվել է փոխել Հավաքական անվտանգության պայմանագրի նախագահության կարգը: Ըստ Հայաստանի նախագահի լրատվական ծառայության ղեկավարի, այսուհետեւ նստաշրջանների միջեւ ընկած ժամանակաշրջանում անդամ երկրները հերթականությամբ նախագահելու են խորհուրդը: Մինչեւ մյուս նստաշրջանը նախագահի պարտականությունները կատարելու է Հայաստանը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG