Մատչելիության հղումներ

Վրաստանը կրկին ապակայունացավ


Այսօր Վրաստանի ներքին գործերի զորքերը բարձր մարտական պատրաստության են բերվել, իսկ Թբիլիսիում ուժեղացվել է Խորհրդարանի ու կառավարական շենքերի հսկողությունը այն բանից հետո, երբ վրացական բանակի մի զորամաս, հրաժարվելով ենթարկվել բարձրագույն հրամանատարությանը, գրավեց մայրաքաղաքի մոտակայքի ներքին զորքերի ռազմակայաններից մեկը:

Թբիլիսիից մոտ 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մուխրովանի ռազմակայանից, որտեղ ամրապնդվել են շուրջ 1000 անհնազանդ զինվորականներ՝ 4 հրասայլով եւ զրահամեքենաներով, քաղաքական պահանջների մասին տեղեկություններ չեն ստացվում: Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն համաձայնել է հանդիպել ըմբոստ զինվորականների հետ, եթե նրանք վերջ տան խռովությանը: Այսօր երեկոյան Շեւարդնաձեն ժամանեց Մուխրովանի՝ խռովարարներին հանդիպելու մտադրությամբ: Վրաստանի անվտանգության նախկին նախարար, իսկ այժմ խորհրդարանի պատգամավոր Իրաքլի Բաթիաշվիլին, որը բանակցել է ապստամբների հետ, հայտնել է, թե զինվորականների պահանջները սոցիալական բնույթ ունեն: Խռովարար զինվորներից շատերը արդեն մեկ ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել, զինվորները պահանջում են ծառայության նորմալ պայմաններ, նորմալ սնունդ եւ չեն պատրաստվում գրոհել Թբիլիսին, հայտնել է պատգամավորը:

"Ազատություն" ռադիոկայանի վրացական ծառայության թղթակից Կոբա Լիկլիկաձեն, որը գտնվում էր դեպքի վայրում, հայտնել է, թե ըմբոստ զինվորականները պահանջում են հանդիպում լրագրողների հետ: Սակայն մամուլի ներկայացուցիչներին թույլ չեն տվել հանդիպել խռովարարներին: Լիկլիկաձեն հաստատեց, որ ապստամբների հետ բանակցածների տպավորությամբ, խռովության պատճառը բանակում տիրող անտանելի կենցաղային պայմաններն են: Մեկ ամիս առաջ Վրաստանի Ազգային գվարդիայում, որտեղ ծառայում էին խռովարարները, թոքախտով հիվանդացել եւ մահացել է երկու սպա: Կոբա Լիկլիկաձեն "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայությանը հեռախոսով հայտնել է, որ, ըստ որոշ տեղեկությունների, ապստամբները նաեւ քաղաքական պայմաններ են առաջադրել՝ մասնավորապես, նրանք պահանջում են կառավարության հրաժարականը:

Մուխրովանիի ռազմակայանն այսօր շրջապատված էր արագ արձագանքման ուժերով:

Ուշ երեկոյան Շեւարդնաձեն հայտարարեց, թե խռովարարները համաձայնել են վայր դնել զենքերը եւ վերադառնալ զորանոց: Մեր թղթակիցը Թբիլիսիից հայտնեց, որ վրաց ղեկավարը համաձայնել է բավարարել ըմբոստ զինվորականների պահանջները:

Արմեն Դուլյան՝ Պրահա, Կոբա Լիկլիկաձե՝ Թբիլիսի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG