Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթի մատուցմամբ, թեեւ երեկ Ազգային ժողովում «բոլոր ելույթ ունեցողները իրենց պարտքն էին համարում շեշտել, որ հանձնաժողովի ստեղծմանը կողմ են, բայց ակնհայտ էր, որ բացի ՀԺԿ-ից, Կոմկուսից ու «Հայաստան» խմբակցությունից, մնացած բոլորը կողմ են, որպեսզի հանկարծ իրենց չմեղադրեն ահաբեկիչներին պաշտպանելու մեջ»: «Հայկական ժամանակ»-ը անհանգստություն ու նյարդայնություն է տեսնում հատկապես հանրապետականների պահվածքում, փոխանցելով նաեւ, որ խորհրդարանի նիստից հետո էլ, երբ «Միասնություն» դաշինքը պիտի որոշեր, թե ովքեր են իրենց կողմից լինելու հանձնաժողովի անդամ, հանրապետական պատգամավորներն, ըստ էության, բոյկոտել են այդ ընտրությունները:

Իսկ «Երկիր» թերթի ընդհանրացմամբ, խորհրդարանում ոչ ոք դեմ չէր արտահայտվում հանձնաժողովի ստեղծմանը՝ չթաքցնելով դրանում իմաստ գտնելու դժվարությունը: Եվ՝ «Քաղաքական ուժերի մեծ մասն այդպես էլ չկարողացավ հստակեցնել, թե հանձնաժողովի գործունեության շրջանակներն ի՞նչ հաջողությամբ են դիմակայելու օրենքը ոտնահարելու կամ հանձնաժողովին ոչ վայել խնդիրներ հետապնդելու վտանգը»:

«Հանձնաժողով ստեղծել-չստեղծելու շուրջ աղմուկն այլեւս երկրորդական է։ Ավելի կարեւոր է մեկ այլ հանգամանք՝ ովքեր կընդգրկվեն հանձնաժողովի կազմում։ Անդամների կազմից պարզ կլինի՝ հանձնաժողովը կաշխատի՞ ինչպես որ հարկն է, կիրականացնի՞ այն նպատակները, որի համար ստեղծվել է, թե՞ կվարկաբեկվի», - շեշտադրում է «Առավոտ»-ի մեկնաբանը, մտահոգության հիմք ունենալով այն տեղեկությունները, որ մի քանի խումբ-խմբակցություններից հիշյալ հանձնաժողովի անդամ են դառնում, այսպես ասած, «էկզոտիկ» անուններով պատգամավորներ, Դաշնակցությունից էլ, օրինակ, Կիմ Բալայանը, որը դեռ մեկ օր առաջ բնավ չէր ողջունում նման հանձնաժողով ստեղծելու գաղափարը:

Կողմ քվեարկելով՝ «ՀԺԿ-ի նախաձեռնությունը սուր քննադատության ենթարկածներից ոչ ոք չցանկացավ, որ իրեն հասարակությանը մատուցեն իբրեւ ահաբեկիչներին օժանդակողի եւ ճշմարտության բացահայտմանը խոչընդոտողի, եւ դա հասկանալի է», - անդրադառնում է «Առավոտ»-ի խմբագրականը:
-«Ամենատխուրը սակայն այն է, որ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախաձեռնողները իսկապես անկեղծորեն համոզված են, թե օգնում են բացահայտելու ճշմարտությունը։ Մեծ հաշվով ձեռքները ծալած չնստելու եւ դատաքննության արդարությունն ապահովելու նրանց ձգտումն արժանի է ամենայն հարգանքի։ Բայց կարող է նաեւ այնպես ստացվել, որ նրանց ջանքերով ստեղծված հանձնաժողովը կատարի նախատեսվածի միանգամայն հակառակ դերը։ Որ հանձնաժողովը ծառայի հենց այն՝ ենթադրելի խորհրդավոր ուժերին, որոնք... օգնում են ահաբեկիչներին եւ շեղում դատաքննության ընթացքը... Պատկերացնո՞ւմ եք, թե այդ ուժերին ի՜նչ անգնահատելի ծառայություն մատուցած կլինի ժամանակավոր հանձնաժողովը, եթե կես տարի անց ստիպված լինի ԱԺ-ին զեկուցել, որ ոչ մի լուրջ խախտում չի հայտնաբերվել», - կանխագծում է «Առավատ»-ը ու եզրափակում. «Եվ դա այդպես էլ կլինի, եթե, իհարկե, հանձնաժողովի անդամներն իրոք չեն պատրաստվում օր ու գիշեր մնալ ամբաստանյալի կողքին ու նրան զուգարան ուղեկցել»։

«Հայոց Աշխարհ» թերթը, ուշադրությունը սեւեռած պահելով Աշոտ Մանուչարյանի գործունեությանը, որպես օրինաչափություն արձանագրում է. «Մեր հերոսի ստեղծած «քաղաքական կայսրությունները» նույն ճակատագիրն են ունենում՝ դրանք տրոհվում են ճիշտ այնպես, ինչպես ստեղծվել էին, քանի որ ձեւավորման հիմքում դրվում է մեկ գաղափար՝ գործել ընդդեմ ինչ-որ բանի՝ լինի դա իշխանություն, պաշտոնյա, թե գործընթաց»: Իսկ պայքարի այդ թեմաները իրար հետեւից կորցնում են սրությունը, ինչպես, օրինակ, Ղարաբաղի հարցով մեզ իբր շտապ պարտադրվող կործանարար զիջումների թեզը: «ՀԺԿ-ի, «Հանրապետության» կամ Կոմկուսի նման ազդեցիկ կազմակերպությունները չեն կարող երկար ժամանակ աննպատակ քարշ գալ աշոտմանուչարյանական «ընդդեմի» շրջագծում», - ամփոփել է մեկնաբանը. «Եվ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության օրինականության վրա հսկող խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման միջոցով էլ նրանց այսօր տրվում է հնարավորություն համոզվելու, որ սեփական մահճակալի տակ սատանաներ չկան: Դրանից հետո գուցե այդ ուժերը կհասկանան, թե որտե՞ղ է թաքնված իրական սատանան»:

«Գոլոս Արմենիի» թերթում այսօր հարցազրույց կա զինդատախազ ագիկ Ջհանգիրյանի հետ, եւ այնտեղ՝ ոչ մի բառ «Հոկտեմբերի 27»-ի գործի մասին: Զրույցը բանակում հանցագործությունների շուրջ է: ագիկ Ջհանգիրյանը արձանագրում է վերջին երեք տարում զինված ուժերում մահվան դեպքերի շարունակական նվազման միտում. պակասում են, մասնավորապես, կանխամտածված սպանությունները: Նշելով, որ նույն ժամանակահատվածում չի բացահայտվել միայն 4 գործ, Ջհանգիրյանը զինդատախազության քննչական ապարատի աշխատանքը, ընդհանուր առմամբ, վատ չի գնահատում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG