Մատչելիության հղումներ

Խորհրդարանը վերահսկելու է հոկտեմբերի 27- ի դատական գործը


Ազգային ժողովի արտահերթ նիստի որոշմամբ այսօր ստեղծվեց «Հոկտեմբերի 27»-ի գործի քննության ընթացքում մեղադրյալների, ապա նաեւ ամբաստանյալների պահպանությունն իրականացնող մարմինների գործունեության օրինականությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով:


Ազգային Ժողովի փոխնախագահ Գագիկ Ասլանյանը խմբակցությունների եւ խմբերի ներկայացուցիչների հետ քննարկում է հոկտեմբերի 27-ի գործը վերահսկող հանձնաժողովի ստեղծման առաջարկը:




89 «կողմ», ոչ մի «դեմ» ու «ձեռնպահ» ձայներով ընդունված որոշումը, Ազգային Ժողովի նախագահի ստորագրելուց հետո, կմտնի ուժի մեջ: Որոշման համաձայն, հանձնաժողովում կընդգրկվեն միասնության խմբակցության երեք պատգամավոր եւ մեկական պատգամավոր մյուս խմբերից ու խմբակցություններից, ինչպես նաեւ մեկ անկախ պատգամավորներ: Հանձնաժողովը կունենա 12 անդամ:

Այսօրվա քննարկումն սպասվածից ավելի հանդարտ ընթացավ: Նախաձեռնության հեղինակները հավատացնում էին, որ հանձնաժողովը քաղաքական շահարկումներից զերծ կմնա, հանրապետականն ու քաղաքական փոքրամասնության մի շարք ներկայացուցիչներ՝ կողմ արտահայտվելով հանձնաժողովի ստեղծմանը, զգուշացնում էին նման վտանգից:

Արտահայված կարծիքներն ու դիրքորոշումները գրեթե չէին տարբերվում արդեն բազմիցս հրապարակվածներից: Թերեւս, նշենք ՍԻՄ֊Ի նախագահ Հրանտ Խաչատրյանի ասածը. նա համոզված է, որ այս «ուշացած» հանձնաժողովը գոնե կանխարգելիչ դեր կունենա, որ «Հոկտեմբերի 27»-ի գործի վերահսկողությունը նախաքննության ընթացքում կասեցնելը հանգեցրեց նրան, որ Ստեփանակերտում ստեղծվեց մեկ այլ գործ»:

Վազգեն Մանուկյանը (ԱԺՄ) եւ Աղվան Վարդանյանը (ՀՅԴ) հիշեցրին, որ հոկտեմբերի 27֊ից անմիջապես հետո առաջարկում էին նման հանձնաժողով ստեղծել, բայց, ըստ Վազգեն Մանուկյանի, «ասվում էր մի բան՝ հակաօրինական բան. մենք վստահում ենք ագիկ Ջհանգիրյանին: Ինչո՞ւ: Ինչպես կարող է պետական գործը դրված լինել այն հիմքի վրա, թե մենք այդ մարդուն հավատում ենք: Հիմա էլ ասում են՝ Ծախվեց»: Իսկ Աղվան Վարդանյանի կարծիքով՝ «եթե այն ժամանակ քաղաքական մեծամասնությունը գնար այդ քայլին, մենք շատ ու շատ խնդիրների պատասխաններն այսօր կունենայինք»:

Հանձնաժողովի ստեղծման նախաձառնության հեղինակները հավաստիացնում են, որ «Հանձնաժողովը ուզենա էլ չի կարող գերազանցել իր իրավասությունները» (Ստեփան Զաքարյան ՀԺԿ) եւ «Բոլորս պիտի տեր կանգնենք այն պահանջին, որ այս հանձնաժողովը մասնակիցը չի լինելու որեւէ քաղաքական շահարկման» (Արմեն Խաչատրյան, Ազգային Ժողովի նախագահ, ՀԺԿ):

Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG