Մատչելիության հղումներ

Քոչարյանն ու Ալիեւը կվճռեն Ժնեւյան հանդիպման ճակատագիրը


Հաջորդ շաբաթ Մինսկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը կփորձեն հարթել բանակցային գործընթացում վերջին օրերին ի հայտ եկած խոչընդոտները: Հայաստանի արտգործնախարարության խոսնակը չորեքշաբթի օրը հայտնեց Ազատություն ռադիոկայանին, որ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը կհանդիպեն մայիսի 31-ին Մինսկ քաղաքում: Ըստ խոսնակի հանդիպմանը վերջնականապես կորոշվի նաեւ այն հարցը, թե արդյոք Ղարաբաղյան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հունիս ամսին՝ Ժնեւ քաղաքում:

Անցած ամիս Քի Ուեսթում կայացած Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, թե Ղարաբաղյան հերթական գագաթնաժողովը տեղի կունենա հունիս ամսին՝ Ժնեւ քաղաքում: Քի Ուեսթում համանախագահները հայտնեցին նաեւ, թե Ժնեւում Ղարաբաղյան հակամարտության կողմերին կներկայացվի խաղաղության նոր պայմանագրի նախագիծը:

Սակայն այս շաբաթ տարածաշրջան այցելած Ամերիկացի, ֆրանսիացի եւ Ռուսաստանցի համանախագահները հայտարարեցին, թե բանակցությունները կարող են հետաձգվել, քանի որ խաղաղության գործընթացում նոր բարդություններ են ստեղծվել: Հայաստանի արտգործնախարարության խոսնակն ընդունեց, որ նոր բարդություններ են առաջացել բանագնացների վերջին այցի ժամանակ: Չմանրամասնելով թե կոնկրետ ինչ բարդությունների մասին է խոսքը, խոսնակն ասաց, թե Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը կփորձեն հարթել դրանք Մինսկի հանդիպման ժամանակ:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG