Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի մեկնաբանի ընդգծմամբ, «Ակներեւէ, որ եթե ոճրագործների պահպանությունը իրականացնող իրավապահների գործունեության օրինականությունը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու առաջարկը տապալվի, ապա հասարակական միջավայրում խորանալու են կասկածամտության միտումները, ավելին՝ գուցե ոճրագործները ձախողված կամ անարդյունք նիստի փաստն ընկալեն որպես իրենց հասցեագրված անուղղակի աջակցություն»: Հօգուտ հանձնաժողովի ստեղծման՝ «Առավոտ»-ում առանձնացվող մեկ այլ հարցադրում էլ հետեւյալն է. «Եթե իսկապես Ն. Հունանյանին եւ մյուս ոճրագործներին անօրինական օժանդակություն չի ցուցաբերվում, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը կամ նրա գործունեությունը ներքաղաքական լարվածության պատճառ դառնա»:

«Առավոտ»-ի թղթակիցը դիմել է Վազգեն Սարգսյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Ջանոյանին, «թե արդյոք ամբաստանյալը չի՞ շեղվում (կամ շեղում) իր ցուցմունքներից, տալով վերլուծություններ, պաշտպանական ճառին համարժեք որակումներ»։ «Չեմ հասկանում, երբ ինձ դահլիճից մարդիկ են մոտենում եւ ասում են. հերիք չի՞, մենք հոգնել ենք», պատասխանել է փաստաբանը. «Կարծում եմ, որ մենք շտապելու ոչինչ չունենք։ Եթե շտապենք, ուրեմն ոչինչ չի լինելու։ Մենք պետք է հնարավորություն տանք մաքսիմում ինչ ասելիք ունի՝ տասն անգամ էլ ներկայացնի։ Դրանք հետո զենքեր են մեր ձեռքին դառնալու։ Վաղուց հասունացել է այն պահը նաեւ, որ մենք կարող ենք ակնհայտ կասկածի տակ առնել հատկապես որոշ լրատվամիջոցների կողմից Հունանյանին «գլխավոր ամբաստանյալ» ֆիքսելը։ Այդպիսի դատավարական տերմին գոյություն չունի եւ բոլոր ամբաստանյալները «հավասար ամբաստանյալներ» են։ «լխավոր» բառի մեջ հատուկ իմաստ է դրվում: Ես հակված չեմ ճանաչել, որ Նաիրին այս գործի գլխավոր ամբաստանյալն է»։

Ինչ վերաբերում է ժամանակավոր հանձնաժողովին, Տիգրան Ջանոյանը, արդեն «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին ասել է, որ այն «իր խնդիրներով, ստեղծման ուղղվածությամբ եւ անելիքների ծավալով որեւէ առնչություն չի կարող ունենալ դատաքննության հետ: Հանձնաժողովը որեւէ կերպ չի կարող միջամտել դատավարությանը, ուստի նրա առջեւ դրված հարցերի շրջանակը խիստ նեղանում է. մասնավորապես, խնդիրներից մեկը պետք է լինի պարզել՝ Հունանյանները կամ մյուս ամբաստանյալները ստանո՞ւմ են, արդյոք, իրավական օգնություն: Եվ եթե ստանում են, ապա հասկանալ, թե ինչպե՞ս եւ ո՞ւմ կողմից: Հանձնաժողովն ուղղակի պետք է կարողանա ցանկացած պահի անարգել այցելել մեկուսարաններ, մտնել սենյակներ ու խցեր, որտեղ պահվում են «Հոկտեմբերի 27»-ի գործով անցնող ամբաստանյալները»: Փաստաբանը ենթադրում է, որ «խոսք կգնա ոչ միայն «Հոկտեմբերի 27»-ի գործով այսօրվա ամբաստանյալների, այլեւ ընդհանրապես այս գործով բոլոր կալանավորվածների մասին, թե նրանցից յուրաքանչյուրը ի՞նչ շփումներ, հանդիպումներ է ունեցել, ի՞նչ արտաիրավական գործողությունների մասնակցել»:

«Հայկական ժամանակ»-ի պատկերմամբ, նման հանձնաժողով ստեղծելու գաղափարը սկզբնական շրջանում իշխանությունների «լուրջ հակազդեցություն էր առաջացրել, հետագայում, սակայն, այդ հակազդեցությունը թուլացավ»: Եվ սա մղել է ենթադրության, որ «հանձնաժողովը որեւէ իրավախախտում չի էլ հայտնաբերի, քանի որ այս ընթացքում առկա «պոչերը» կվերացվեն: Այս նիստը, սակայն, հետաքրքիր է այնքանով, որ հոկտեմբերի 27-ին այս կամ այն կերպ առնչվող խորհրդարանական առաջին բաց քննարկումն է», - եզրափակել է «Հայկական Ժամանակը»:

«Մեծ աղմուկ՝ ոչնչից» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թերթը շեշտել է, որ ղարաբաղյան կարգավորման «միջնորդների եզրակացությունն այն մասին, որ երկու երկրների նախագահները պատրաստ են փոխզիջման, բայց՝ ժողովուրդները՝ ոչ, այսօր արդեն թույլ է տալիս եզրակացնելու, որ անհիմն ու անտեղի էին Հայաստանի այն քաղաքական գործիչների կանխատեսումները, ովքեր պնդում էին, թե Ժնեւում պատրաստվում են մեր վզին փաթաթել ազգավնաս ու պարտվողական մի համաձայնագիր, ուստի ՀՀ նախագահը պարտավոր է կանխավ հայցել ու ստանալ սեփական ժողովրդի մանդատը... Ցուցաբերելով անհրաժեշտ ճկունություն, հայ դիվանագիտությունը չգնաց այդ քայլին, ինչը հավասարազոր կլիներ բանակցությունները տապալող կողմի գործառույթներ ստանձնելուն»: «Հայոց Աշխարհ»-ում տրվում են նաեւ հետեւյալ գնահատականները. «Միանգամայն ճիշտ ու իրատեսական դուրս եկավ առաջադրված «սառեցում հակառակորդի ձեռքով» բանաձեւը», «Հայ դիվանագիտությունը ոչ միայն դիմացավ դժվարին փորձությանը, այլեւ արձանագրեց լուրջ հաջողություններ», «Հայաստանը ցույց տվեց, որ ինքը կողմ է խաղաղության, պատրաստ է փոխզիջումների, բայց միաժամանակ ոչինչ չզիջեց ո’չ բանակցային գործընթացում, եւ ո’չ էլ Արեւմուտքի հետ ակտիվորեն քննարկվող ու իրականացման փուլի մեջ մտնող տնտեսական նախաձեռնություններում»:

«Երկիր» թերթի մեկնաբանը շարունակում է դժգոհ մնալ, որ ադրբեջանական կողմի ելույթներին, հայտարարություններին մեր արձագանքները համարժեք չեն, ընդգծելով. «Ժամանակն է մեկընդմիշտ հասկանալ, որ հակահայկական անզուսպ քարոզչությունը մեզ կհետեւի ամենուր, որտեղ ներկա է թեկուզ մի ադրբեջանցի... Պետք է փաստարկված ժխտել սուտը եւ չապավինել այն բանին, թե քաղաքակիրթ աշխարհը լավ գիտի ճշմարտությունը: Հակահայկական ոչ մի դրույթ անպատասխան չպետք է մնա եւ հակառակորդին հույս ներշնչի, թե լավագույն պաշտպանությունը նախահարձակ լինելն է»:

Ի տարբերություն «Հայոց Աշխարհ»-ի, «Երկիր»-ը կարծես հակված է բանակցությունների բովանդակության առավել հրապարակայնացման. «Եթե միջազգային միջնորդները խնդիր են տեսնում, որ նախագահները իրենց երկրների ժողովուրդներին կարողանան համոզել կատարվելիքի մեջ, ապա մենք կոչված ենք մեր ժոովրդին ահազանգելու, թե ինչ են նախապատրաստում մեզ համար: Տարիներ շարունակ վատ ենք ապրել, որովհետեւ մեզ համոզել են, թե կա Արցախի հիմնահարց, որը պետք է լուծվի հայանպաստ դիրքերից: Հիմա մեզ բացահայտ առաջարկում են, որ հետագա լավ ապրելը պայմանավորված է Արցախի հարցում արմատական զիջումներով... ուստի անհրաժեշտ է քարոզչական լայն արշավ սկսել եւ կրավորական կեցվածք չընդունել, թե տեսնենք, ինչ կստացվի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG