Մատչելիության հղումներ

logo-print
Ենթադրվում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցելությունը տարածաշրջան նպատակ ուներ Ժնեւի հանդիպումից առաջ վերջնականապես հստակեցնել ղարաբաղյան կարգավորման առաջարկվելիք նոր տարբերակի ձեւակերպումները: Այցի ընթացքում, սակայն, համանախագահներից ոչ մեկը պաշտոնապես չնշեց դա:

Ընդհակառակը, շատ էր խոսվում իրավիճակին ծանոթանալու, մարդկանց տրամադրությունները շոշափելու մասին, թեեւ հազիվ թե կողմերի տրամադրություններն անակնկալ եղան նրանց համար: Ավելին՝ համանախագահներին ուղեկցող բավական հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչները կոչված էին, կարծես թե, միջազգային հանրությանը ցույց տալ, թե որքան հակադիր են կողմերի տրամադրությունները:


Հայաստանի եւ Ղարաբաղի նախագահները քննարկում են համանախագահների այցի արդյունքները



Մինչդեռ, Փարիզի եւ Քի Ուեսթի հանդիպումներից հետո՝ մինչեւ վերջին օրերը, բոլորովին այլ էր իշխող տրամադրությունը: Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները, միջնորդները, կարծես, մոտենում էին խաղաղության հաստատմանը: Հաջորդ հանդիպման տեղն ու ժամկետը գրեթե որոշված էր, միջնորդները պատրաստվում էին բանակցությունների սեղանին դնել կարգավորման նոր փաստաթուղթը:

Իրականում, սակայն, խնդրի կարգավորման ուղղությամբ ոչ միայն առաջընթաց չարձանագրվեց, այլեւ համանախագահները խոստավանեցին, որ գործընթացը դանդաղել է:Բանակցություններն ինչպես Բաքվում , այնպես էլ Երեւանում, հեշտ չեն ընթացել: Դա նույնպես բազմիցս շեշտվել է համանախագահների կողմից:

Այցի ընթացքում խոսվել է այն մասին, որ հակամարտ կողմերի իշխանական մյուս վերին ատյանները, քաղաքական ուժերի գոնե որոշ մասը, հանրությունը նույնպես պետք է մոտենան փոխզիջումների անխուսափելիության գաղափարին: Իսկ դա, թերեւս, տարիների հարց է: Եվ եթե այդպես է, ուրեմն այժմ պետք է աշխատել, որ Փարիզում ձեռք բերված, Քի Ուեստում զարգացված կարգավորման նոր սկզբունքները երկու երկրների ժողովուրդների համար գոնե որոշ չափով ընդունելի լինեն: Կամ՝ պարզապես է վերանայել այդ սկզբունքները:

Կարգավորման ձգձգման պատճառները կարելի է փնտրել նաեւ մեր տարածաշրջանից դուրս, միջնորդների երկրներում, մասնավորապես Ռուսաստանում: Բազմաթիվ մեկնաբանություններ են եղել մեր տարածաշրջանում այդ գերտերությունների շահերի բախման մասին: Որքան էլ ասվում է, թե համանախագահների թիմում ոչ մի կողմը առաջնային դիրք չի զբաղեցնում, վերջին ամիսներին բազմաթիվ մեկնաբանություններ եղան, թե Ղարաբաղի կարգավորման հարցում ԱՄՆ-ը առաջատար դիրք է գրավել:

Երեւանում սկսվող Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նստաշրջանի օրերին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները անդրադառնալու են նաեւ ղարաբաղյան կարգավորման խնդրին: Նստաշրջանից մի քանի օր հետո՝ հունիսի 1-ին, Մինսկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, անցկացվելու է, այսպես կոչված, «Կովկասյան քառյակի» հանդիպումը՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Այս ֆորմատում նույնպես տարածաշրջանին առնչվող խնդիրներն առանց Ղարաբաղի հարցի քննարկման չեն անցնում: Ուստի, կարելի է ենթադրել, որ հիմա էլ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում ռուսական գործոնն է առաջ մղվելու:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG