Մատչելիության հղումներ

Արդյո՞ք «գրավյալ տարածքներ» հասկացությունը նորամուծություն էր մեր քաղաքական բառապաշարում


Ռուզան Խաչատրյան
Եթե «տարածքների փոխանակման» շրջանակներում հիշատակվող «Մեղրու տարբերակ»-ն անմիջապես ու կտրականապես մերժվեց Հայաստանի՝ առանց բացառության բոլոր քաղաքական ուժերի կողմից, ապա նույնը չի կարելի ասել «գրավյալ տարածքների» մի մասի հնարավոր վերադարձի մասին:

1997 թվականի հոկտեմբերին, պատասխանելով «Առավոտ» թերթի թղթակցի՝ «գրավյալ տարածքներ»-ին վերաբերող հարցին, այդ ժամանակ դեռ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը պատասխանել էր. «Այդ տարածքները ձեռք են բերված արյան գնով, եւ ոչ մի թիզ հող հենց այնպես վերադարձնելու մտադրություն ոչ ոք չունի»: Իսկ փոխզիջման առավելագույն սահմանը Վազգեն Սարգսյանը ձեւակերպել էր այսպես. «Ղարաբաղի թիկունքը պիտի ամբողջապես ապահովված լինի: Ե’վ Ղարաբաղի, եւ’ Հայաստանի պորտալարը, որ ստեղծվեց Լաչինի գրավումից հետո եւ ամրապնդվեց Քելբաջարով, այդ ամբողջականությունը պետք է պահպանվի: Ադրբեջանը, երբ այսօր բանակցություններ է սկսում, պիտի խոսի Աղդամի, Ֆիզուլու, մյուս շրջանների վերադարձման եւ այն մասին, թե ինչի է պատրաստ դրա դիմաց»:

1999 թվականի նոյեմբերին, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսպես էր շարադրել իրենց կուսակցության դիրքորոշումը. «ԼՂՀ֊ն պետք է ճանաչվի Ադրբեջանի կազմից դուրս՝ անկախ պետություն: Դրա փոխարեն մենք կարող ենք քննարկման դնել որոշակի տարածքների հետ վերադարձման հարցը, բայց, որը որ պետք է անպայման ապահովի Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը: Իսկ խոսք լինել, թե Հայաստանի սահմանով կամ ազատագրված տարածքներով ինչ-որ կապ կստեղծվի Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ, դա ես բացառում եմ: Մեր դիրքորոշումը այդ հարցում շատ կոշտ է»:

Հայաստանի ժողովրդական կուսակցության առավել ծրագրային ու ընդհանուր դիրքորոշումն այս հարցում 1999 թվականի գարնանը ներկայացրել էր Կարեն Դեմիրճյանը կուսակցության առաջին համագումարի ամբիոնից. «Ինչ վերաբերում է Ղարաբաղի պրոբլեմին, ապա ինչպես միշտ, այնպես էլ հիմա մենք հայտարարում ենք, որ սատար կկանգնենք ցանկացած կառավարության այն քայլերին, որոնք կնպաստեն Արցախի հիմնահարցի՝ խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով արդարացի լուծմանը»:

Դաշնակցության, ԱԺՄ֊ի, Ազգային միաբանության տեսակետներն այս տարածքների հարցում տարիներ ի վեր սկզբունքորեն չեն փոխվել եւ որոշ ընդհանրություններ ունեն ՀՀԿ-ի՝ վերը ներկայացված դիրքորոշումների հետ:

Հայկոմկուսը, որ Ղարաբաղի խնդրի լուծումը տեսնում է Ռուսաստան֊Բելառուս միությանն անդամակցելու մեջ, մեկ֊երկու տարի առաջ ընդունում էր որոշ գրավյալ տարածքներ վերադարձնելու հնարավորությունը: Այն հարցին, թե կուսակցությունն ընդունու՞մ է, արդյոք, «տարածքներ՝ անկախության դիմաց» սկզբունքը, հայկոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանը 1999թ հոկտեմբերին պատասխանել է. «Այո, միանշանակ: Բայց՝ եթե երաշխավորված է ԼՂՀ անկախությունը, Լաչինն էլ հետը»: Եվ՝ «Եթե Ադրբեջանը ճանաչում է Ղարաբաղի անկախությունը, մենք, իհարկե, այդ տարածքները պետք է հանձնենք»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG