Մատչելիության հղումներ

«Ամենեւին էլ պատահական չէ, որ համանախագահների ներկա այցը ԼՂՀ արտաքինից ավելի շատ նմանվում է ոչ թե դիվանագիտական առաքելության, այլ տուրիստական խմբի ուղեւորության»,- առանձնացնում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը. - «Ուր ասես չեն լինելու նրանք՝ Մարտակերտում, Ստեփանակերտում, ում ասես չեն հանդիպելու, շոշափելու են ղարաբաղյան հասարակայնության բոլոր շերտերի ու անհատ ներկայացուցիչների տրամադրությունները: Նմանօրինակ «տուրիզմը» ճանաչողական բնույթից բացի ունի նաեւ քարոզչա-լոբբիստական ուղղվածություն... Եկել է այն պահը, երբ Լեռնային Ղարաբաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին պարզորոշ ու հստակորեն պետք է ասի իր վճռորոշ խոսքը»:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տարածաշրջանում գտնվող համանախագահները հակամարտության պատմության մեջ առաջին անգամ Ղարաբաղ են մտնում Ադրբեջանից: Հարեւան երկրում այս փաստը լավ նշան են համարում: Իհարկե, քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, եւ այս հանգամանքը եւս բացառություն համարվել չի կարող», - համաձայնում է «Հայկական ժամանակ» թերթը, այս առումով ներկայացնելով նաեւ մի վերլուծական, ըստ որի՝ Քի Ուեսթից հետո արտասահմանից արվող ակնարկներից ու կարգավորման ուրվագծումներից բնավ հայանպաստության հոտ չի փչում: Ուրեմն, «ինչո՞ւ է Քոչարյանը այդքան հանգիստ ու ինքնավստահ», - հարց է դնում մեկնաբանը՝ շարունակելով. «Որովհետեւ լավ գիտի իր անելիքը. նա, ինչպես երեք տարի առաջ, չի պատրաստվում կարգավորման որեւէ փաստաթուղթ ստորագրել... եւ նախապատրաստում է այն ձեւական փաստարկները, որ անհրաժեշտության դեպքում կբերի Ժնեւում: Վճռական պահին նա կարող է ասել՝ Ղարաբաղը բանակցություններին չի մասնակցել եւ համաձայն չէ (իսկ Ղարաբաղը հաստատ կասի, որ համաձայն չէ): Մյուս փաստարկը ձեռք բերվեց խորհրդարանի հայտարարությամբ... Բացահայտ է, որ կարգավորման որեւէ վերջնական փաստաթուղթ չի կարող համընկնել հայտարարության մեջ ձեւակերպված պայմաններին: Սրանով մի երկրորդ խնդիր էլ լուծվեց. ստատուս-քվոն ձգելու ռազմավարության ու դրա հետեւանքների քաղաքական պատասխանատվությունը հավասարապես կտարածվի նաեւ խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի վրա»:

«Ազգ» թերթում այսօր կրկին ընդգծված է, թե խորհրդարանական ուժերի հայտարարության մեջ բազմաթիվ անհստակություններ կան, եւ նախագահը կարող է դա օգտագործել՝ ի վերջո մատուցելով, որ այդ հայտարարության դրույթներից չի շեղվել: «Ժնեւյան հանդիպմանը գրեթե մեկ ամիս է մնացել: Եթե քաղաքական ուժերին այդքան անհանգստացնում է տարվող արտաքին քաղաքական գիծը ղարաբաղյան կտրվածքով, ապա կարող են վիճահարույց հարցերի առումով այս ընթացքում հանդես գալ հստակ դիրքորոշմամբ եւ սահմանափակել բանակցողների մանեւրելու բոլոր հնարավորությունները», -եզրափակել է «Ազգ»-ի մեկնաբանը:

«Անպատասխանատու քայլեր պատասխանատու պահին» վերնագրի տակ «Երկիր» թերթը ուրվագծում է. «Արեւմուտքի բազմափորձ գիտակները շատ լավ պատկերացնում են, որ նախագահների մակարդակով ինչ-ինչ փոխհամաձայնության գալը դեռ երաշխիք չէ, թե ցանկալի պայմանագիրը դյուրությամբ կստորագրվի: Ուստի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունից պահանջում են սեփական ժողովուրդների քաղաքական հնազանդեցում: Եվ եթե Ադրբեջանում հակահայկական ուժերը միակամ հանդես են գալիս որեւէ թիզ հող տալու դեմ, ապա Հայաստանում որոշ կուսակցություններ պահը հարմար են դիտում սեփական հավակնությունները բավարարելու համար»:

Այսպես, «Երկիր»-ի դատապարտող հայացքով, «Հերթական անգամ հրապարակ հանելով Բելառուս – Ռուսաստան միությանը Հայաստանի անդամակցության հարցը՝ կոմունիստները, փաստորեն, հարցականի տակ են դնում անկախ պետականության պահպանման գործում իշխանությունների կարողությունը: Իսկ այդպիսի երկրի ղեկավարության հետ ուժի դիրքերից խոսելը դառնում է ավելի դյուրին»: Մեկ այլ դաշտում էլ, իշխանությանը չվստահելու մտայնությանն է թափ տրվում՝ միջազգային հանրության առջեւ հեղինակազրկելով «Հոկտեմբերի 27»-ի գործի դատաքննության կասկածալի արծարծումներով:

Խտացնելով դատավարության ընթացքը, «Հայկական Ժամանակ»-ը արձանագրում է, որ գլխավոր ամբաստանյալ Նաիրի Հունանյանը, կարծես, ընդամենը մի քանի տարվա ազատազրկման դատապարտվելու լավ շանսեր է պահպանում: «Ցուցմունքները դասավորում է այնպես, որ իր կատարած արարքը հնարավոր չլինի որակել այլ կերպ, քան հոգեկան խիստ հուզմունքի պահին կատարած սպանություն»: Եվ որոշ ուժեր էլ կարծես նպաստում են նման դրվածքի ձեւավորմանը: Մյուս կողմից, ինչպես «Առավոտ» թերթն է փոխանցել՝ «Հավանաբար ԱԺ հաջորդ եռօրյայում կներկայացվի մահապատժի իրականացման կարգը կանոնակարգող մի օրինագիծ, որ նախապատրաստում են ՀԺԿ-ն, «Հայաստան» խումբը եւ «Հանրապետություն» կուսակցությունը։ Վերջինիս քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն «Առավոտին» հայտնեց, թե այս նախաձեռնությամբ իրենք լուծում են մի գործնական խնդիր. «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործները պիտի հույս չունենան, որ իրենց նկատմամբ մահապատիժ չի իրականացվի։ Եվ եթե նրանց երաշխիքներ տվողներ կան՝ նրանք էլ պիտի հույս չունենան, թե այդ երաշխիքները կգործեն»։

Անդրադառնալով, թե հատկապես ո’ւմ «նյարդայնացրեց ՀԺԿ-ի եւ «Հայաստան» խմբի նախաձեռնությունը՝ Նաիրի Հունանյանին մատուցվող արտադատարանական աջակցությանն առնչվող կասկածները ստուգելու նպատակով ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու վերաբերյալ», ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը «Առավոտ»-ի թղթակցին ասել է. «Ես այստեղ ինչ-որ վախ եմ տեսնում։ Եթե ազնիվ են եւ հակաօրինական ոչ մի քայլ չեն կատարել՝ վախենալու բան չունեն, ուրեմն ինչի՞ համար է այս հիստերիան։ Հենց որեւէ մեկն անհանգստություն է հայտնում «Հոկտեմբերի 27»-ի առնչությամբ՝ իսկույն նրան պիտակավորում են իշխանամետ ԶԼՄ-ները եւ դրանց ետեւում կանգնած գործիչները... Եվ մի՞թե նաեւ սա չէ ահաբեկիչների նկատմամբ հովանավորչության մթնոլորտը»:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG