Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւն այսօր Բաքվում հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԱՊՀ պաշտպանության նախարարների հետ


Արմեն Դուլյան
Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, այսօր Բաքվում ընդունելով Մինսկի խմբի համանախագահներին, «Ռոյթերի» վկայությամբ, կոչ արեց նոր քայլեր ձեռնարկել եւ, մասնավորապես, ճնշում գործադրել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա: Ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն, իր հերթին, կարծիք հայտնեց, թե «խաղաղությունն արդեն երազ չէ եւ երեւում է հորիզոնում": Սակայն Ռուսաստանցի համանախագահ րիբկովը պակաս լավատես էր: "Մենք չպետք է կեղծ պատրանքներ ստեղծենք խոսելով մոտ ապագայում խաղաղ լուծման մասին", ասաց ռուսաստանցի դիվանագետը:



Ռուսաստանցի, ֆրանսիացի եւ ամերիկացի դիվանագետները վաղը կմեկնեն Աղդամ, կծանոթանան շփման գծում տիրող իրավիճակին, կգնան Մարդակերտ, անձասար, այնուհետեւ Ստեփանակերտում կհանդիպեն Ղարաբաղի ղեկավարության հետ: Երկուշաբթի օրը համանաախագահները Երեւանում կհանդիպեն նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Այսօր առավոտյան Բաքվում հանդիպեցին ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները: Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը կոչ արեց դադարեցնել Հայաստանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրին եւ պնդեց, որ հայերն անհապաղ պետք է հեռանան գրաված տարածքներից:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը՝ հանդիպելով լրագրողների հետ, Հայաստանին այդ կազմակերպությունից հեռացնելու հորդորը որակեց «անպատեհ»: «Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում համագործակցությունը որեւէ այլ երկրի դեմ ուղղված չէ», - հավաստիացրեց Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա Իվանովի վկայությամբ, Մոսկվան ամեն ինչ անում է հակամարտությունը քաղաքական եւ դիվանագիտական եղանակներով կարգավորելու համար:

Այսօր Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ընդունել է ԱՊՀ պաշտպանության նախարարներին եւ ասել, որ իր երկիրը չի ցանկանում պատերազմել եւ չի պատրաստվում հարձակվել որեւէ մեկի վրա. «Բանակն Ադրբեջանին անհրաժեշտ է միայն երկրի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը պաշտպանելու համար»: Նա եւս մեկ անգամ հավաստեց, որ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը Բաքվում ներկայացնում էր ԱՊՀ ռազմական համագործակցությունը համակարգող շտաբում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Անտոնյանը, որն ադրբեջանական լրատվամիջոցների վկայությամբ, հրաժարվել է այցելել Հերոսների ծառուղի, որտեղ թաղված են Ղարաբաղի պատերազմի մասնակիցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG