Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Վաչե Սարգսյան
«1999 թ. հոկտեմբերի 27-ի գործի դատաքննության հետ կապված՝ հանրապետությունում ստեղծված բարոյաքաղաքական մթնոլորտի մասին Հայաստանի ժողովրդավարական կուսակցության եւ «Հայաստան» խմբի հայտարարությունն, ըստ էության, հասցե չունի, եթե չասենք, ոչինչ չասող տեքստ է, - գնահատում է Հայաստանի Հանրապետություն թերթը: Հայտարարությանն ու դրա հեղինակներին տրվող որակումները նոր մակարդակի են հասնում Հայոց Աշխարհ թերթում. «ործ ունենք հիրավի բացառիկ մի փաստաթղթի հետ: Բացառիկ՝ սահմանափակ ծավալի մեջ մառազմի անսահմանափակ պարունակության առումով»: «Բան գիտեք՝ ասեք», - պահանջում է թերթը, - «կոնկրետ անուններ տվեք. ո՞վ է ահաբեկիչներին հովանավորելու մթնոլորտ ստեղծում, ո՞վ է նրանց օժանդակում: Իսկ եթե ստորագրողները հարցին չպատասխանեն, ապա նրանց պետք է դատի տալ՝ ստախոսության, զազրախոսության, երկրում թունավոր մթնոլորտ ձեւավորելու եւ խառնակչության համար», եզրագծում է Հայոց Աշխարհ-ը: Առավոտի մեկնաբանը ուշադրություն է հրավիրում, որ «հայտարարության վերջնական տարբերակի եւ երեկ «Առավոտում» հրապարակված նախագծի միջեւ որոշ տարբերություններ կան: Մասնավորապես՝ դուրս էր մնացել այն արտահայտությունը, թե այդ ահաբեկչությունը մինչեւ օրս չի արժանացել բարոյաքաղաքական պատշաճ գնահատականի»: Իսկ առավել ուշագրավն, ըստ մեկնաբանի, հետեւյալ փոփոխությունն է. «Վերջնական տարբերակում նշված է. «Առանձին քաղաքական գործիչների կողմից զանգվածային լրատվության միջոցներով փորձ է արվում ահաբեկիչների հանդեպ ստեղծել բարյացակամության, հոգատարության եւ հովանավորության մթնոլորտ»: Մինչդեռ նախագծում այդ մթնոլորտի «հեղինակ» էին նշվում իշխանությունները եւ առանձին քաղաքական ուժեր»: Ինչեւէ՝ «Հանրապետական կուսակցությունն իր ստորագրությունը չդրեց անգամ տեղ-տեղ մեղմացված այս տեքստի ներքո»: Ինչպես խտացված է Երկիր թերթում, «Ժողովրդականներն ու հանրապետականները ցույց տվեցին, որ միասնական չեն անգամ «Հոկտեմբերի 27-ի» գործին առնչվող խնդիրներում: Իսկ իրարից հեռացող ՀՀԿ-ՀԺԿ հարաբերությունների ֆոնի վրա առավել հավանական է դառնում ՀԺԿ- «Հայաստան» խումբ (հանձին «Հանրապետություն» կուսակցության) սպասվող դաշինքի հեռանկարը»:

Առավոտ-ի խմբագրականն անդրադառնում է Նյու Յորքում տեղի ունեցած՝ Հայաստանում ներդրումներին նվիրված համաժողովին, գրելով որ այն, ըստ նախագահ Քոչարյանի, «գերազանցել է բոլոր սպասելիքները»: Եվ ապա՝ «Ճիշտ այդպիսի գնահատականներ էին տրվում Քոչարյանի մասնակցությամբ բոլոր գործնական համաժողովներին, որոնց, սակայն, ներդրումային բում չէր հետեւում: Այն փաստը, որ տվյալ ֆորումը հովանավորում էին Համաշխարհային բանկը եւ ամերիկյան կառավարությունը, ինքնին դրական է: Հուսանք, որ իսկապես Հայաստանին հաջողվել է առաջընթաց քայլ կատարել իր «իմիջի» տեսակետից»: Ամեն դեպքում, առալժմ պարզ չէ, թե ինչ կհետեւի: «Բոլոր մասնակիցները, այդ թվում նաեւ Քոչարյանը, խորապես գիտակցում են, որ արտասահմանյան ներդրողների համար կարեւորն այն չէ, թե ինչպես է նախագահը ներկայացնում իր երկիրը, այլ այն, թե ինչպիսին է այդ երկիրը իրականում», - ընդգծում է Առավոտ-ը:

Աշխարհիկ կրքերից ու պառակտումներից զերծ չի մնում նաեւ հոգեւոր դաշտը. «Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի եւ Նոր Նախիջեւանի հոգեւոր թեմի նախկին առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը օրերս հայտարարեց, թե թեմն այլեւս չի ենթարկվելու Սուրբ Էջմիածնին եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Այդ թեմի՝ շուրջ երկուսուկես միլիոն հայ քրիստոնյաներից քանիսի՞ ցանկությունն է արտահայտում նախկին հոգեւոր հովիվը կամ արտահայտո՞ւմ է ընդհանրապես որեւէ մեկի ցանկությունը, իր անձնականից բացի: Այդ ո՞վ դարձավ եկեղեցու սպասավորը, թող որ արքեպիսկոպոս, որ հրաժարվում է Ամենայն Հայոց կաթողիկոսին ենթարկվելուց», - հարցեր է դնում Հայոց Աշխարհը: «Եկեղեցական կանոնների համաձայն, Կաթողիկոսի իշխանությունից դուրս գալուն ուղղված գործողությունների արդյունքում Տիրան արքեպիսկոպոսը կարող է կարգալույծ արվել եւ վտարվել եկեղեցուց», - գրում է Հայկական ժամանակ-ը: Պատասխանելով թղթակցի այն հարցին, թե արդյոք ինքը կարգալույծ լինելու մտավախություն չունի՞, Տիրան սրբազանն ասել է, որ «պատրաստ է դրան եւ կարծում է իրեն կազմալույծ անելը կարող է տեղի ունենալ այսօր-վաղը»: Մայր աթոռը առայժմ զերծ է մնում որեւէ մեկնաբանությունից: Պատճառը, թերեւս, այն է, որ արեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը այժմ հովվապետական այցով գտնվում է Ամերիկայում: Վեհափառի վերադարձը սպասվում է մայիսի 23-ից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG