Մատչելիության հղումներ

logo-print

Անցյալ տարվանից հետաձգված հանրահավաքը կայացավ


Աննա Սաղաբալյան
Կոմկուսի նախաձեռնությամբ կազմակերպված հանրահավաքը բազմամարդ էր։ Ազատության հրապարակի շուրջ դարձյալ բազմաթիվ ավտոբուսներ կային, ինչը վկայում էր, հիմնականում, մարզերի ներկայության մասին։ Կարմիր պաստառներով ու դրոշներով հեղեղված հրապարակը լեցուն էր, կարգախոսները ինչպես միշտ նույնը. «Հավե~րժ Ռուսաստանի հետ», «Կեցցե~ Ռուսաստան-Բելառուս միությունը» եւ այլն։

Հանրահավաքը բացվեց Խորհրդային միության հիմնով, որին մասնակիցներն ունկնդրում էին անթաքույց հուզմունքով: Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցելու կենսական անհրաժեշտության թեմայով կարճ ելույթ ունեցավ Հայկոմկուսի առաջնորդ Վլադիմիր Դարբինյանը։ Կուսակցության ղեկավարներից Սանատրուկ Սահակյանի «Օրհնվի էն սհաթը, երբ Հայաստանը կանդամակցի Ռուսաստան-Բելառուսին» ձեւակերպումն արժանացավ բուռն ծափահարությունների։ ԱԺ պատգամավոր (ՀԿԿ) ագիկ Թադեւոսյանն իր ելույթում ասաց, որ ոչ միայն Հայաստանի ժողովուրդն է փափագում անդամակցել Ռուսաստան-Բելառուսին, այլեւ՝ իրեն այդ մասին խնդրել են նաեւ սփյուռքից՝ Ֆրանսիայի հայերը, Արգենտինայի հայերը. «Աղաչում ենք ձեզ, աչքի լույսի պես պահպանեք Ռուսաստանի հետ, ռուս ժողովրդի հետ բարեկամությունն ու ամուր դաշինքը»:

Ելույթ ունեցավ նաեւ ՀԺԿ-ական պատգամավոր Արամայիս Բարսեղյանը, որը, բացի Ռուսաստան-Բելառուսին անդամակցելուց, խոսեց նաեւ հոկտեմբերի 27-ի բացահայտումից ու ենթադրեց, որ առանց դրա մեզ Ռուսաստան-Բելառուս միություն չեն ընդունի։

Կոմկուսի նախաձեռնությամբ, հանրահավաքի մասնակիցները երկու ուղերձ ընդունեցին: Առաջինն ուղղված է Հանրապետության նախագահին, ԱԺ ի նախագահին եւ վարչապետին՝ անհապաղ Ռուսաստան-Բելառուս միությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով, երկրորդը՝ ԱԺ ի պատգամավորներին՝ նույնպիսի որոշում կայացնելու պահանջով։

Երբ հրապարակ հասավ լուրն այն մասին, որ ԱԺ-ում քվեարկության չի դրվել Ռուսաստան-Բելառուսին անդամակցելու հարցով արտահերթ նիստ հրավիրելու հարցը, հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի ԱԺ եւ շրջապատեցին շենքը։ լխավոր մուտքից դուրս եկող պատգամավորներին հանրահավաքի մասնակիցները թույլ չէին տալիս հեռանալ՝ այսպես արտահայտելով իրենց ցասումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG