Մատչելիության հղումներ

Ռուզան Խաչատրյան, Երեւան
Մամուլի ազգային ակումբի վարչությունը այսօր «լրագրողական էթիկայի խախտման, լրագրողին անվայել արարքի համար» «Օր» թերթի խմբագիր Գայանե Մուքոյանին հեռացրել է Մամուլի ազգային ակումբի շարքերից: Թերթի երեկվա համարի՝ «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանի անձնական կյանքին վերաբերող լուսանկարների եւ հրապարակման առիթով այսօր մամուլի Երեւան ակումբում նաեւ հայտարարություն ընդունվեց Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողական կազմակերպությունների անունից:

Գործընկերներին ընդունված հայտարարությունը հորդորում է բոյկոտել «Օր» թերթի հետ որեւէ շփում, կազմակերպություններին՝ կոչ անում չհրավիրել ասուլիսների, իրավապահներից պահանջում է ապահովել բնակչության անձնական կյանքի անձեռնմխելիությունը:

«Այսպիսի վերաբերմունքի կարժանան այն լրատվամիջոցներն ու լրագրողները, ովքեր նման հրապարակումներով կվարկաբեկեն մեր մասնագիտությունը», - ասված է հայտարարության մեջ, որը առայժմ ստորագրել են հինգ լրատվամիջոց, ինչպես նաեւ մամուլի «Երեւան» ակումբն ու Հայաստանի Ժուռնալիստների միությունը:

Մամուլի Ազգային ակումբը այսօր մեկ այլ հայտարարություն էլ ընդունեց, որով պնդում է, թե «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրինագիծը Ազգային Ժողովում չպետք է շրջանառության մեջ դրվի նախընտրական շրջանում:

«Քանի որ միանշանակ է, որ նախընտրական շրջանում գործող օրենքի ցանկացած փոփոխություն կամ նոր օրենքի նախագծի ընդունում լինելու է աչառու», - փաստարկեց ակումբի վարչության անդամ Նարինե Դիլբարյանը:

Ակումբի վարչության մեկ այլ անդամ՝ Վարդան Վարդանյանը («Ա1+» հեռուստաընկերությունից) ասաց, որ ակումբը շարունակելու է բողոքի ակցիաները՝ չբացառելով նաեւ դրանց «զանգվածային մեթոդները»: «Եթե հարկ լինի՝ թեկուզ Ազգային ժողովը շրջափակելու ճանապարհով, [ակումբը] թույլ չի տալու, որ խորհրդարանի լիագումար նիստը անցնի այս օրինագծի քննարկմանը», - ասաց Վարդանյանը:

Մամուլի մեկ այլ՝ «Երեւան» ակումբի անդամ Մեսրոպ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում փոխանցեց, թե իրենք այս հայտարարությանը դժվար թե միանան, քանի որ օրինագծի հանդեպ իրենց առաջարկները ներկայացրել են արդարադատության նախարարություն, եւ հակված են նոր օրենք ունենալուն՝ իհարկե, ոչ այն տեսքով, ինչպիսին ներկայիս նախագիծն է:

Արդարադատության նախարարի տեղակալ Աշոտ Աբովյանը, որը օրինագծի հիմնական հեղինակներից է, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, թե հիմնավոր չի համարում օրենքի նախագիծը խորհրդարանում քննարկելը կապել նախընտրական շրջանի հետ: Առաջարկվող օրենքը, նրա խոսքերով, կանոնակարգում է դաշտը «դեմոկրատացման ուղղությամբ»:

Աբովյանը նաեւ ասաց, թե կառավարությունը արդեն իսկ պետք է օրենքի նախագիծը ներկայացրած լինի Ազգային ժողով: Ազգային Ժողովի քարտուղարությունից, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ խորհրդարանը դեռեւս չի ստացել օրինագիծը:

Մամուլի Ազգային ակումբի նախագահ, «Այժմ» թերթի խմբագիր Նարինե Մկրտչյանի տեսակետն է, թե օրենք ընդունելու հարցում իշխանությունների համառությունից կարելի է եզրակացնել, որ «իշխանությունների նպատակը, մեղմ ասած, ազնիվ չէ»: «Նրանք հերթական անգամ ուզում են զսպաշապիկ հագցնել ազատ եւ ընդդիմադիր մամուլին», - ասաց Մկրտչյանը:

«Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի կարծիքով, առավել վտանգավոր է ոչ թե բուն օրինագիծը, այլ Քաղաքացիական օրենսգրքում դրա հետ առաջարկվող փոփոխությունը բարոյական վնասի փոխհատուցման մասին: Այսինքն՝ «դատարանի որոշմամբ, պարզապես սնանկացնել այս կամ այն լրատվամիջոցը, եթե այդտեղ հայտնվել է իշխանավորին կամ օլիգարխին ոչ հաճո հրապարակում»:

Մամուլի Ազգային ակումբում այսօր առաջարկ եղավ նաեւ պատգամավորների հետ լոբբինգ անելու մասին՝ նախընտրական շրջանում նման օրենք չընդունելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG