Մատչելիության հղումներ

Արմեն Զաքարյան, Երեւան
Շարունակում է ասպարեզում մնալ 2003-ի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրվել-չառաջադրվելու հարցը: Երկրի նախկին նախագահի քաղաքական շրջապատից ժամանակ առ ժամանակ տարբեր տեղեկատվություն է դուրս սպրդում՝ որոշ ժամանակ հետո պաշտոնապես հերքվելով: Վերջին այդպիսի հերքումը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բարձրաձայնեց ՀՀՇ (Հայոց համազգային շարժում) վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը՝ հերքելով, թե հաջորդ շաբաթվա ընթացքում նախկին նախագահը հանդես է գալու հայտարարությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի՝ անանուն մնալ ցանկացած աղբյուրները որոշ մանրամասներ են ներկայացրել այս ամսվա սկզբին Լեւոն Տեր-Պետրոսյանի ու իր քաղաքական շրջապատի հանդիպման մասին: Նախկին նախագահը, վստահեցնելով, որ ունի ակտիվ քաղաքական գործունեության վերադառնալու համար անհրաժեշտ քաղաքական կամքը, ասել է, սակայն, որ միայն ՀՀՇ-ի ու նրա արբանյակների ուժերով հնարավոր չէ ասպարեզ մտնել եւ իշխանափոխություն իրականացնել: Տեր-Պետրոսյանը ավելացրել է, սակայն, որ եթե նրա թեկնածությունը պաշտպանի համախումբ ընդդիմադիր դաշտը, ապա ինքը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել ընտրական գործընթացում:

Ուստի նախկին նախագահի քաղաքական շրջապատը, առանց ժամանակ կորցնելու, հանդիպումներ է ձեռնարկել ընդդիմադիր միավորման անդամ 16 կուսակցություններից մի քանիսի ներկայացուցիչների հետ: Նուրբ կազմակերպման շնորհիվ աննկատ անցած հանդիպումներին մասնակցել են ընդդիմադիր միավորման կուսակցությունների ոչ թե առաջին դեմքերը, այլ դրանցում ընդգրկված այնպիսի անձանց հետ, ովքեր, մեծ քաղաքական դերակատարություն չունենալով հանդերձ, բավական մոտ հարաբերությունnեր ունեն կուսակցությունների առաջնորդների հետ:

Կոնկրետ համաձայնություններ այդ հանդիպումների ընթացքում ձեռք չեն բերվել: Որեւէ կուսակցություն, կարծես թե, չի կամենում խարխափելով պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ուստի վերջինս պիտի խոսի՝ իր տեսակետները ներկայացնելով մի քանի հարցերի վերաբերյալ, որոնց պատասխանները առաջին նախագահից ակնկալում է լսել նաեւ հասարակությունը. ինչպե՞ս կեղծվեցին 1996 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, ո՞րն էր 1998-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռանալու հիմնական պատճառը, ինչո՞ւ մինչեւ հիմա առաջին նախագահը խոսք չի ասել «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ եւ այլն: Հարցադրումների շարքում են նաեւ 90-ականների սկզբի էներգետիկ ճգնաժամը Լեռնային Ղարաբաղի հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG