Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Առանձնացնելով, թե ԱԺՄ նախագահը նախկինի նման տուրք է տալիս քաղաքական ռոմանտիզմին ու փաստորեն Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մի մոդել է առաջարկում, որը պետք է իրագործվի առնվազն 25-30 տարի հետո, այնինչ, այդ հարցը լուծման կարիք է զգում հենց հիմա, «Հայկական ժամանակ» թերթը միաժամանակ հարգանքով ընդգծում է. - «Մանուկյանը այս պահին առաջադրված ՀՀ նախագահի միակ թեկնածուն է, որ գոնե ԼՂ հարցի կարգավորման ինչ-որ առաջարկ է անում»: ԱԺՄ-ի երեկվա համագումարի հետքերով «Օրրան» թերթի մեկնաբանն էլ կիսվում է հետեւյալ դիտարկումներով. «Կուսակցության «էլիտան» չկար, չկար «նախկին էնտուզիազմը», բայց «շարքերը» սիրով ու հոտնկայս ողջունեցին իրենց առաջնորդին: Վազգեն Մանուկյանի զեկույցն էլ բավականին խորքային, էլիտար էր, ինչպես միշտ, գաղափարական»: Մեկնաբանի ամփոփմամբ, «ԱԺՄ-ն «16»-ին ներկայացրեց իր կայուն եւ պինդ հայտը, եւ կարելի է եզրակացնել, որ այլեւս կյանքի կողմից «թրծված» պրն Մանուկյանը, իր գաղափարական ողջ «բագաժը» եւ քաղաքական «փորձը» համապատասխան պաուզայից հետո խելամտորեն կփոխանցի անցողիկ-միասնական թեկնածուին»:

Վազգեն Մանուկյանի հասցեին բավականին դրական խոսքեր կան եւ «Հայոց Աշխարհ» թերթում. - «16-ի միավորման մեջ եւ դրանից դուրս գտնվող կուսակցությունները իրենց համար այնպիսի նախագահացուներ են պեղել ու հայտնաբերել, որ նրանց համեմատ Վազգեն Մանուկյանը կարող է ոչ թե «թեկնածուի», այլ առնվազն «ակադեմիկոսի» կոչման հավակնել»: Այդուհանդերձ, այստեղ նույնպես արձանագրված է, որ վերջին մի քանի տարվա քաղաքական անզիջում պայքարը ասպարեզ բերեց նոր դեմքեր, որոնք դարձան ընտրություններից առաջ ձեւավորված միավորման միասնական թեկնածուն դառնալու ամենաիրական հավակնորդները: Իսկ Վազգեն Մանուկյանին այդ միավորման մեջ մտնելը պարզապես գոյատեւման հնարավորություն է տալիս:

Կուսակցական համագումարների այս շքերթը՝ «Ողջունիր եւ ողջունված կլինես» խորագրի տակ , «Երկիր» թերթը համեմատում է կենցաղային տարածված վիճակախաղի հետ, երբ ամեն մեկն առանձին իր հոգսերը հոգալ ի վիճակի չէ, եւ հավաքում ու հերթով իրար են տրամադրում իրենց բոլորի կարողության միագումարը:

Այս շարքում ընդդիմության մեջ շարունակում է դեռեւս խորթ մարմին դիտվել ՀՀՇ-ն: «Իրավունք» թերթում այսօր պնդում կա, որ ե'ւ նախկին, ե'ւ գործող իշխանությունները մշտապես պահպանում են սերտ կապը եւ մտադիր են ստվերային, բայց չափազանց սերտ համագործակցություն ունենալ թե' նախագահական, թե' խորհրդարանական ընտրություններում: Եվ, ըստ էության, աստիճանաբար քողազրկվում է իրողությունը, որ եթե Ռոբերտ Քոչարյանը հանկարծ հարկադրված լինի զիջելու իշխանությունը, նա կգերադասի այն զիջել Լեւոն Տեր-Պետրոսյանին, քանզի երկուսն էլ մեծ հաշվով նույն կլանային համակարգի դեմքերն են:

«Հայկական ժամանակ»-ի վերլուծաբաններից մեկն այսօր ներկայացնում է նախկին նախագահի առաջադրման հետեւյալ պատճառները. - «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ապա կնշանակի, որ ընդունում է, թե իր գիծը հեռանկարային չէր, որ հեղաշրջման գծին այլընտրանք չկա: Եթե նա դեւռեւս շարունակում է քաղաքական գործիչ մնալ ու չի ուզում վերածվել սոսկ պատմական արժեքի, ապա նա կխախտի նիրվանիստական այս վիճակը... Մտայնություն կարող է լինել, թե ավելի լավ է Տեր-Պետրոսյանը մի քիչ սպասի, օգտագործի այդ հարմար պահը, եւ նոր միայն վերադառնա: Սակայն հիմնական քաղաքական ընտրության պահին պատասխանատվությունից խուսափելն արդեն ցույց կտա, որ գործ ունենք քոչարյանական ոճի ինտրիգանի եւ ոչ թե քաղաքական գործչի հետ, եւ այս դեպքում նա ընդունելի չի լինի ո'չ քաղաքական գործիչների, ո'չ էլ հանրության համար», - գրում է վերլուծաբանը՝ ավելացնելով եւ հետեւյալ հաշվարկը. - «Տեր-Պետրոսյանի ընտրական ռեսուրսը բավականաչափ ծավալուն ու ամուր է: Նախ, անկախ նրա նախկին ռեյտինգներից, այս հնգամյա լռությունը մեծ իմիջ է ստեղծել, մանավանդ՝ հրապարակի վրա եղած քաղաքական գործիչների շատախոսության ֆոնի վրա: Կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ եղած իշխանական ու բյուրոկրատական ռեսուրսները հիմնականում ժառանգվել են Տեր-Պետրոսյանի ժամանակներից, նրանք ունեն առաջին նախագահի հետ աշխատելու փորձ ու բարի հուշեր, եւ հակառակը՝ շատերը, լինելով իշխանության մեջ, միաժամանակ լուրջ պրոբլեմներ ունեն Քոչարյանի ու նրա անմիջական շրջապատի հետ»:

«Հայոց Աշխարհ» թերթի խմբագրի գնահատականով, այն, ինչ արեց «Օր» թերթը երեկվա համարում՝ խցկվելով «Առավոտ»-ի խմբագրի անձնական կյանքի մեջ, «արդարացում չունեցող ստորություն է, բոլոր՝ թե' բարոյական եւ թե' լրագրողական նորմերի խախտում»: «Ինքներդ ձեզ խայտառակեցիք, ձե'զ ոչնչացրիք: Ցանկացած նորմալ մարդու համար ձեր թերթը դադարեց գոյություն ունենալ», - նշվում է «Հայոց Աշխարհ»-ի արձագանքում: Մյուս՝ ամենատարբեր ուղղվածության թերթերում էլ եթե «Օր»-ի այդ քայլը պարզապես չի անտեսվել-արհամարհվել, ապա արժանացել է ամենաբացասական գնահատականի: «Մամուլի աղբը բյուրեղացավ մեկ «Օր»-ում, դա մեր մամուլի խայտառակությունն է, ինքնախայտառակումը», - որակում է «Ազգ» թերթի մեկնաբանը: - «Կեղտոտելով բոլոր նրանց, ովքեր մեզ նման չեն մտածում, մենք ընթերցողին վանում ենք ընդհանրապես մամուլից»: «Ես մասնավոր անձ եմ, ազատ մարդ, ուստի բացարձակապես հաշվետու չեմ որեւէ մեկին, թե ում հետ եւ ինչպես եմ անցկացնում իմ ազատ ժամանակը», - հիշեցնում է «Առավոտ»-ի խմբագիրը՝ շեշտադրելով. - «Ընդհանրապես չէի անդրադառնա այս խնդրին, եթե այն վերաբերեր միայն անձնապես ինձ: Այստեղ ցավալի եւ մտահոգիչ հանգամանքն այն է, որ նման հրապարակումները զգալիորեն իջեցնում են լրագրության ստորին «սահմանագիծը» եւ այլ զանգվածային լրատվամիջոցներ մոտ կարող են գայթակղություն առաջացնել բանավիճելու հենց այս որակի «փաստարկներով»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG