Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Եթե այսօր ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) համագումարում հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը հետագայում պայքարից դուրս չգա, կդառնա ամենաստաժավոր թեկնածուն՝ «երրորդ անգամ» ցուցանիշով: Նրանից կարող է անցնել միայն Պարույր Հայրիկյանը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը, առաջադրվելու դեպքում, նույնպես կքվեարկվի երրորդ անգամ: Այս թվաբանության կողքին «Հայկական ժամանակ» թերթը այսօր նաեւ փոխանցում է. - «Հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւանում 2003 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունն առաջադրելու նախաձեռնող խմբեր են ձեւավորվում: Դրանցում ընդգրկվելու են 200-300 քաղաքացիներ, որոնք էլ նոյեմբերի կեսերին ժողով են հրավիրելու եւ առաջադրելու են Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը»:

Նախագահական նախորդ ընտրություններում գրանցված թեկնածուներին ու օրինաչափությունները թվագրելով, «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն էլ ամփոփել է. - «Մեր կարծիքով, 2003-ի ընտրությունները կլինեն 1991-ին, 1996-ին եւ 1998-ին արձանագրված օրինաչափությունների յուրահատուկ համադրումը. կառաջադրվեն 1998-ի նման մեծ թվով թեկնածուներ, կլինեն 1996-ի նման մեծ թվով բացարկներ ու կարձանագրվեն 1991-ի նման համոզիչ արդյունքներ»: Այս առումով, մասնավորապես, նշվում է. - «Ներկայումս 1998-ի նման մեծաթիվ թեկնածուների առկայության փաստը դեռեւս չի խոսում ընտրապայքարի երկրորդ փուլի անխուսափելիության մասին»:

«Հնարավո՞ր է, որ նախագահի ստացած 400 դոլար աշխատավարձին եւս 600 դոլար ավելացնելով կամ վարչապետի 300 դոլարին եւս 500 ավելացնելով նրանք կամ զարտուղի ճանապարհներով շատ ավելի մեծ եկամուտներ ունեցող այլ պաշտոնյաներ հրաժարվեն կոռուպցիայից»։ «Ո՛չ», - իր ձեւակերպած այս հարցին միանաշանակ պատասխանում է «Առավոտ» թերթը։ - «Ուրիշի հաշվին շքեղ կյանքի համն արդեն նրանց բերանն է ընկել, ու ինչ-որ 500-600 դոլարը նրանց համար եղանակ չի ստեղծի»: Պետական աշխատավարձը մի աննշան ավելացում է միայն պետական բարձրաստիճանների եկամտի հիմնական աղբյուրին։ Այնպես որ, «կոռուպցիայի դեմ պայքարի իրական միջոց կլինի սպասվող ընտրություններում նրանց ընտրելը, ում իշխանությունը չի փչացրել», - դեղատոմսում է «Առավոտ»-ը:

«Բնակչության լայն խավերը ընկալում են տարեկան բյուջեն որպես կյանքի հետ ոչ մի կապ չունեցող վերացական ինչ-որ բան: Եվ ճիշտ էլ անում են: Ի՞նչ տարբերություն, թե բյուջեի որ հոդվածին որքան փող է հատկացվում: Մենք, միեւնույն է, չգիտենք, թե ուր են գնում այդ փողերը, որտեղ կորչում», - արձագանքում է «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը: - «Բարեկեցությունը բարձրացնելու հարցերում էլ հայրենի իշխանությունը ավանդաբար վարվում է մեծ գիտնականների նման. անց է կացնում գիտափորձերը բացառապես իր վրա»:

«Աշխատավարձի չափերը երբեք չեն կասեցրել կաշառակերության գաղափարները մայրական կաթի հետ ներծծած եւ գեների մակարդակով դրանք յուրացրած հայրենի չինովնիկին», - շեշտում է խմբագիրը: - «Ամսեկան հազար դոլարը, իհարկե, լավ է, բայց տասը հազարը, այնուամենայնիվ, տասնապատիկ ավելի լավ է: Ցանկացած պաշտոնյա, որքան էլ բարձր աշխատավարձ նրան վճարեն, միեւնույն է, կգտնի նաեւ կողքից վաստակելու հնարավորություն»:

«Այլ կերպ, քան ծաղր բնակչության սոցիալապես առավել խոցելի խավի նկատմամբ 2003 թ. բյուջեով նախատեսված աշխատավարձերի ծայրահեղ տարբերակված բարձրացումները չես անվանի», - իր հերթին որակել է «Ազգ» թերթի մեկնաբանը: Պետության ղեկի մոտ գնտվողները, ըստ նրա, էլ ավելի են խորացնում առանց այդ էլ ծայրահեղ սոցիալական բեւեռացումը՝ հօգուտ իրենց: Եվ որեւէ երաշխիք էլ չկա, թե բարձրաստիճան պաշտոնյաները կբավարարվեն այժմ արդեն 700-1000 դոլար կազմող աշխատավարձերով եւ այլեւս չեն օգտվի իշխանության ընձեռած հնարավորություններից։ Մեկնաբանի կարծիքով, ինչքան էլ ընդհանուր սոցիալական արդյունքը քիչ լինի, աշխատավարձերի բարձրացմանն ուղղված գումարները պիտի համամասնորեն բաշխվեն բոլոր խավերի միջեւ:

Մամուլում այսօր առավել ուշադրություն է գրավել եւ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը: «Օրրան» թերթի գնահատականով, դատավարությունը երեկվա նիստում կազմակերպիչներին բացահայտելու կամ առնվազն նրանց գոյության իրողությունը փաստելու ճանապարհին երկու նկատելի հաղթանակ արձանագրեց: Մասնավորապես՝ գրեթե ակնհայտ դարձավ, որ դատարանի տրամադրության տակ գտնվող տեսաերիզը մոնտաժված է: «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը ավելի անկասկած է ձեւակերպել, որ «Հոկտեմբերի 27-ը պատկերող տեսաերիզի կեղծված լինելը փաստվեց», եւ հարցեր է շեշտադրում, թե «ո՞վ եւ ինչո՞ւ է կեղծել տեսաերիզը»:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը դատական նիստի իր լուսաբանության մեջ տեսաերիզի մասը բնավ չի ընդգրկել: Իսկ անդրադառնալով Լոս Անջելեսի հայկական հեռուստաալիքի «Վարագույր» ծրագրին լրագրող Տիգրան Նազարյանի տված հարցազրույցի տեսագրությունը գործին կցելու՝ դատարանի որոշմանը, «ո՞ւմ է ձեռնտու ԱՄՆ-ում Նազարյանի մնալը» հարցին տալիս է հետեւյալ ուղղորդումը. - «Դրանում, իրոք, ինչ-որ մարդիկ պետք է շահագրգռված լինեն, քանի որ, եթե «Հոկտեմբերի 27»-ի գործով կարեւոր վկան բացակայում է Հայաստանից, կարելի է զանազան ենթադրություններով պղտորեն մթնոլորտը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG