Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը, ըստ վարկանիշի, կրկին ԱՊՀ «ամենաբաց տնտեսությունը» ունեցող երկիրն է


Էմիլ Դանիելյան, Երեւան եւ Հրայր Թամրազյան, Պրահա
Ըստ ամերիկյան երկու ազդեցիկ կազմակերպությունների ամենամյա հետազոտության, Հայաստանում գործարար միջավայրը շարունակում է ամենաազատականը մնալ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում, եւ Հայաստանը զարգացնում է Անկախ պետությունների համագործակցությունում միակ «հիմնականում ազատ» տնտեսությունը:

Wall Street Journal-ի եւ Heritage Foundation-ի վերջին համատեղ ուսումնասիրությամբ կրկին գնահատվել են աշխարհի 161 երկրներ՝ ըստ տասը տարբեր գործոնների՝ ներառյալ առեւտուրը եւ արժութային քաղաքականությունը, կառավարության միջամտությունը տնտեսության մեջ, բանկային եւ սեփականության իրավունքները: Չորեքշաբթի հրապարակված «Տնտեսական ազատության 2003 թվականի ինդեքս»-ում Հայաստանը, յոթ այլ երկրների, այդ թվում՝ Հունգարիայի, հետ միասին, կիսում է 44-րդ տեղը: ԱՊՀ երկրներից Հայաստանին հետեւող Մոլդովան զբաղեցնում է միայն 92-րդ հորիզոնականը:

Հայաստանի ընդհանուր գնահատականը՝ 2.65 (ըստ հնգաստիճան բացասական սանդղակի) փոքր-ինչ առաջընթաց է նախորդ տարվա համեմատ, ինչը Լիտվայի հետ միասին, բարենորոգման տեպմերով երկրորդ ցուցանիշն է Wall Street Journal-ի եւ Heritage Foundation-ի հետազոտությունների պատմության մեջ:

Ուսումնասիրությունն առանձնացնում է վերջին մեկ տարում ֆիսկալ բեռի թեթեւացումը եւ Հայաստանի իշխանությունների կողմից վարվող ավելի ազատական արժութային քաղաքականությունը: Ավելին՝ եզրակացված է, որ Հայաստանը, Հոնգ Կոնգի, Սինգապուրի եւ Էստոնիայի հետ միասին, ունի աշխարհում ամենաբաց առեւտրային ռեժիմը:

«Հայաստանի տնտեսական աճը զգալի է եղել անկախությունից ի վեր՝ չնայած քաղաքական կայունության բացակայությանը, Արդբեջանի ու Թուրքիայի հետ շարունակվող լարվածությանը, ինչպես նաեւ կոռուպցիայի կրճատմանն ու էներգետիկ ոլորտի վերակառուցմանն ուղղված ջանքերի ձախողումներին», - գրում են հետազոտության հեղինակները: Նրանք նշում են, որ օտարերկրյա ներդրողները «տնտեսության բազմաթիվ որոլտներում գործ սկսելու նույն իրավունքներն ունեն, ինչ տեղացիները»:

Հետազոտությունը շարունակում է աշխարհի երկրների տնտեսությունները դասակարգել որպես «ազատ», «հիմնականում ազատ» եւ «ճնշված»: Ըստ Wall Street Journal-ի եւ Heritage Foundation-ի, ԱՊՀ երկրներից միայն Հայաստանն ունի «հիմնականում ազատ տնտեսություն»: Հարեւան Ադրբեջանն ու Վրաստանը համապատասխանաբար 104-րդ եւ 113-րդ տեղերում են, եւ երկուսն են դիտարկված են որպես տնտեսական առումով «հիմնականում անազատ»:

Համաշխարհային հետազոտության հեղինակները գրում են, թե դրա արդյունքները ամրապնդում են իրենց հավատը տնտեսական ազատականության եւ ազատ առեւտրի նկատմամբ: «Տնտեսապես առավել ազատ երկրները ունեն նաեւ տեւական տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր եւ ավելի բարգավաճ են, քան սահմանափակ տնտեսական ազատություններով երկրները», - եզրակացնում են նրանք:

Հայաստանը, այդուհանդերձ, կարծես բացառություն է կազմում: Չնայած յոթ տարվա անընդմեջ տնտեսական աճին, այն դեռեւս հետ է մնում կենսապայմանների եւ մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի գծով: Արեւմտյան դոնոր երկրներն ու կազմակերպությունները հաճախ են քննադատում Հայաստանի կառավարությանը՝ օրենքի իշխանությունը չապահովելու ներդրումային միջավայրը չբարելավելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG