Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մանուկյանը վստահ է, որ Քոչարյանը վերընտրվելու է առաջին փուլում


Ռուզան Խաչատրյան, Երեւան
«Տեր Պետրոսյանին շատ հարգում եմ: Նրա նախագահության օրոք ես եղել եմ ամենահաջողված բիզնեսմենը», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը՝ շարունակելով, սակայն. - «Ես Ռոբերտ Քոչարյանի թիմում եմ, Ռոբերտ Քոչարյանի թիմում կանգնած մնալու եմ. եթե ինքը հեռանա, ես նրա հետ կհեռանամ»:

«Եթե, Աստված մի արասցե, Ռոբերտ Քոչարյանը հանկարծ իր թեկնածությունը չդնի, պարզ է, որ ինձ համար նախընտրելին Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որովհետեւ նա լուրջ քաղաքական գործիչ է», - այնուհետեւ ասաց Անդրանիկ Մանուկյանը՝ ճիշտ է, անմիջապես ավելացնելով. - «Բայց նման բան չի լինի, բացառվում է. Ռոբերտ Քոչարյանը դնելու է [թեկնածությունը], ես էլ իր կողքին լինելու եմ»:

Շարունակելով նախագահական ընտրությունների թեման եւ վկայակոչելով ժողովրդի հետ իր շփումները, նախարարը ասաց. - «Ես համոզված եմ, որ երկրորդ փուլ չի լինի, հենց առաջին փուլում արդար ընտրություններով Ռոբերտ Քոչարյանը կընտրվի երկրի նախագահ»:

Հայաստանի հանրապետական կուսակցությանն անդամակցող նախարարը, պատասխանելով 1998-ի իշխանափոխության ժամանակ իր՝ ՀՀՇ-ական «Հանրապետություն» խմբակցությունից «Երկրապահ» խումբ անցնելուն վերաբերող հարցին, ասաց. - «Ես ամենավերջինն եմ դիմում գրել-դուրս եկել, եւ ինձ հորդորել է իմ կողմից շատ հարգված Վանո Սիրադեղյանը»:

Նախարարը խուսափեց պատասխանել հարցին, թե ինչ նպատակով է որոշ թերթերի ֆինանսապես օգնում: Ասաց միայն, որ լրատվամիջոցներին ֆինանսավորում է ոչ թե որպես նախարար, այլ որպես Անդրանիկ Մանուկյան: Նա, միեւնույն ժամանակ, հերքեց, թե ֆինանսավորում է ընդդիմադիր Հայաստանի ժողովրդական կուսակցությանը. - «Ես ՀԺԿ-ին չեմ ֆինանսավորել եւ չեմ ֆինանսավորում»:

Խոսելով «ԱրմենՏել»-ին առնչվող խնդիրների մասին, կապի նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարությունն OTE֊-ին հրավիրել է բաց ժողովի, որտեղ քննարկելու են լիցենզիայի հետ կապված հարցեր: OTE֊-ից արձագանք դեռեւս չկա, ժողովի գումարման ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 11-֊ին: Անդրանիկ Մանուկյանը, ամեն դեպքում, այլընտրանք չի տեսնում. կա'մ «ԱրմենՏել»-ը Հայաստանը պիտի ապահովի որակյալ ու ժամանակակից կապով, կա'մ «ԱրմենՏել»-ը պետք է զրկվի լիցենզիայի մենաշնորհային դրույթներից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG