Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մինչեւ այս շաբաթվա վերջը 16-ի միավորումը կունենա միասնական թեկնածուի եւս երկու թեկնածու. վաղը ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) համագումարը առաջադրելու է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, իսկ կիրակի օրը տեղի ունենալիք ՀԿԿ (Հայաստանի կոմունիստական կուսակցություն) համագումարը, ըստ կոմունիստ Խորեն Սարգսյանի, առաջադրելու է ՀԿԿ առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանի թեկնածությունը: 16-ի միավորման կուսակցություններից ամենավերջինը, դեկտեմբերի 3-ին, համագումար է հրավիրելու «Հանրապետություն» կուսակցությունը: Եթե միավորմանը հաջողվի այս ընթացքում համաձայնության գալ միասնական թեկնածուի շուրջ, ապա դեկտեմբերի 10-ին նախատեսվում է հրավիրել միավորման միասնական համաժողովը եւ հրապարակել միասնական թեկնածուի անունը», - առաջիկա ընթացքն է նախանշում «Հայկական ժամանակ» թերթը: Այնուամենայնիվ, նկատվում են եւ որոշ հստակեցումներ: ԱԺԿ (Ազգային ժողովրդավարական կուսակցություն) նախագահ Շավարշ Քոչարյանը, օրինակ, «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ իր ու իրենց կուսակցության համար Ստեփան Դեմիրճյանը նախագահի ամենահավանական թեկնածուն է: «Հետաքրքիր է, որ նախկին ԱԺՄ-ական Շավարշ Քոչարյանը նախագահի ամենահավանական թեկնածու է համարում ոչ թե Վազգեն Մանուկյանին, որին պաշտպանել է 1996-ի եւ 1998-ի նախագահական ընտրություններում, այլ Ստեփան Դեմիրճյանին», - լրագրողի այս ակնարկին Շավարշ Քոչարյանը արձագանքել է. - «Իմ վերաբերմունքը Վազգեն Մանուկյանի նկատմամբ բոլորովին կապ չունի նրա հետ, թե ում եմ ես համարում նախագահի ամենահավանական թեկնածու»:

«Առավոտ» թերթի տեղեկություններով, Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, որը դիտվում էր իբրեւ ընդդիմության 70%-ի կողմից ընդունելի եւ իր բարձր վարկանիշի շնորհիվ՝ նաեւ անցողիկ թեկնածու, ամենայն հավանականությամբ, չի առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: «Իրազեկները այս որոշումը բացատրում են Հայաստանի իշխանությունների կողմից միջնորդավորված այն ճնշումներով, որոնց ենթարկվել է Արմեն Սարգսյանը Ռուսաստան կատարած այցի ընթացքում», - փոխանցում է «Առավոտ»-ը:

Նախկին նախագահացու Արկադի Վարդանյանը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում այսօր խորհուրդ է տալիս մի կողմ թողնել զգացմունքները եւ ընտրել Լեւոն Տեր-Պետրոսյանին. - «Ժողովրդի առջեւ կենսական նշանակության խնդիր է դրված. ձերբազատել երկիրը բոլշեւիկյան ամենազազրելի տիպի բռնատիրությունից... Խնդրի լուծման համար պրագմատիկ նպատակահարմարության տեսակետից Տեր-Պետրոսյանի վերադարձն այլընտրանք չունի»: Վարդանյանի փաստարկմամբ, վերջինս «միակ քաղաքական գործիչն է, որի՝ նախագահական ընտրություններին մասնակցելուց բռնապետն ու նրա շրջապատը վախենում են. - «Տեր-Պետրոսյանի հեղինակությունը երկրի սահմաններից դուրս այնքան մեծ է, որ նա կարող է վստահ լինել, որ միջազգային դիտորդների կողմից կիրականացվի օբյեկտիվ եւ գործուն վերահսկողություն: Նա պետական կառավարման ամենամեծ, թեկուզ շատ դեպքերում նաեւ դառը փորձ ունեցող քաղաքական գործիչն է, որը ոչ միայն հասկանում է, թե ինչ է պետք անել, այլեւ այսօր նաեւ հստակ գիտի, թե ինչ անել չի կարելի»: Ինչ վերաբերում է ընդդիմադիր 16-ի միավորմանը, «Ստեփան Դեմիրճյանից եւ Արամ Սարգսյանից բացի, այստեղ ոչ ոքի չես կարող անվանել համախոհներ», - ընդգծում է Արկադի Վարդանյանը՝ այդ երկու քաղաքական գործիչների ներուժն էլ գնահատելով անչափ քիչ:

«Հայոց Աշխարհ» թերթում ներկայացվող վարկածի համաձայն, նախագահացուների մեծ մասը ասպարեզը կթողնի քվեարկությունից 2-3 օր առաջ՝ հանելով սեփական թեկնածությունը առավել մեծ խոստումներ տվող այն թեկնածուի օգտին, որը 10 տոկոսից ավելի քվեներ ստանալու իրական շանսեր կունենա. - «Տեր-Պետրոսյանի բացակայության պարագայում նման կենտրոնացման օբյեկտներ կարող են դառնալ Ստեփան Դեմիրճյանը եւ Արտաշես Գեղամյանը: Սակայն», - շեշտում է մեկնաբանը, - «ներկայումս արդեն ակնհայտ է, որ այդպիսի կենտրոնացումը սկզբունքորեն տարբերվելու է 1996-ի սեպտեմբերին ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրումով ընդդիմադիր էլեկտորատի ներսում արձանագրված քվեների մուլտիպլիկացիայի էֆեկտից: Քանզի այսօր արդեն ակնհայտ է՝ կա'մ առկա նախագահացուների շարքում բացակայելու է իշխանության թեկնածուի քաղաքական այլընտրանքը, կա'մ էլ այն հայտնվելու է նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի՝ ընտրողների մեծամասնության համար «անմոռանալի» կերպարանքով: Եվ երկու դեպքում էլ արդյունքը նույնն է լինելու»:

Ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է. - «96-ի ընտրությունների համեմատությամբ այսօր տարբերությունն էական է: 96-ին առաջադրված թեկնածուն կարող էր քվեարկությունից 10 օր առաջ հանել իր թեկնածությունը եւ հետ ստանալ 3000 դոլարի չափով մուծած գումարը: Այսօր այդ գումարը, որի չափը գրեթե եռապատկվել է՝ հասնելով մոտ 10 հազար դոլարի, վերադարձվում է միայն երկու դեպքում. երբ թեկնածուն ընտրություններում հավաքում է 5 տոկոսից ավելի ձայներ եւ երբ նա մահացել է: Այս հանգամանքը, թվում է, որոշ մարդկանց ետ կպահի առաջադրվելու մտքից»: Մտավորականների մի խմբի նախաձեռնությամբ, վաղը տեղի կունենա մտավորականների ժողով, որը առաջադրված ու առաջադրվելիք թեկնածուներից մեկին պիտի ընտրի նախագահի միասնական թեկնածու: Աղալովյանը, որը առաջադրվածներից մեկն է, իրենց քայլը բացատրում է այսպես. - «Շարժումից դուրս է մնացել ողջ մտավորականությունը եւ հասարակությանը ներկայացվում է, թե տեսեք, կա'մ նախագահն է, կա'մ ընդդիմադիրներն են: Ըստ էության, հասարակությունն էլ շատ ոգեւորված չէ ո'չ մեկով եւ ո'չ էլ մյուսով: Եվ ահա նախաձեռնող խումբը եկավ ցույց տալու, որ կա մտավորականություն, որը չի մահացել, կան նաեւ մտավորականներ, որոնք կարող են այդ ծանր բեռը վերցնել իրենց վրա»: «Երկու-երեք դաշինք արդեն ուրվագծվում է 16-ի ներսում, չե՞ք կարծում, որ մի քանի ճակատով գրոհելու դեպքում փոշիանում է հենց ընդդիմադիր էլեկտորատը» հարցին Լենսեր Աղալովյանը պատասխանում է. - «Բայց դա ստեղծի երկրորդ փուլ»:

«Որքա՞ն է օտար երկրների ազդեցությունը Հայաստանի վրա»: «Օրրան» թերթի հարցումից պարզվում է, որ մեր խորհրդարանականների պատկերացումները այս հարցում նաեւ էապես տարբեր են: Պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հայացքով, օրինակ, «Շատ մեծ է ոչ միայն օտար պետությունների, այլ նաեւ որոշ միջազգային կազմակերպությունների ազդեցությունը: Եվ այդ ազդեցությունը երբեմն ավելի մեծ է լինում, քան Հայաստանի իշխանություններինը»: Արտաքին ազդեցությունը շատ մեծ է տեսնում եւ Վիկտոր Դալլաքյանը՝ նշելով. - «Հայաստանի արտաքին պարտքը շուրջ 1 մլրդ դոլար է՝ մեր պետբյուջեից շուրջ 2,5 անգամ ավելի. սա խոսուն չափանիշ է: Տնտեսական ազդեցությունը կարող է նաեւ քաղաքական հետեւանքներ ունենալ»: Իսկ Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Ասլանյանը ասում է. - «Քաղաքական առումով լուրջ ազդեցություն չեմ տեսնում: Այսօր տարբեր քաղաքական գործիչներ կարծիք են հայտնում, թե Արեւմուտքը կամ Հյուսիսն են ազդում մեր ներքաղաքական կյանքի վրա: Ես ե'ւ մերժում եմ այդ կարծիքը, ե'ւ վիրավորական եմ համարում այդպիսի մտքեր արտահայտելը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG