Մատչելիության հղումներ

Ընտրողները վստահ չեն, թե ընտրությունների արդյունքները արդարացիորեն են հաշվարկվում


Շաքե Ավոյան, Երեւան
Հայկական սոցիոլոգիական ընկերակցության՝ անցած հոկտեմբերին անցկացրած ուսումնասիրության արդյունքներով, հարցվածների ճնշող մեծամասնությունը, նշելով, որ ազատ են ընտրության գնալ-չգնալու, այս կամ այն թեկնածուին իրենց ձայնը տալ-չտալու առումով, չեն հավատում, թե իրենց ձայները արդարացիորեն հաշվառվելու են:

«80 տոկոսը ասում է՝ մենք չենք վստահում ընտրությունների արդյունքներին եւ չենք գնա ընտրություններին, որովհետեւ վստահ չենք, որ մեր ձայնը, իրոք, կհաշվառվի արդարացիորեն», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանը: - «Երկկողմանի երեւույթ է. փաստորեն, գնահատում են, որ ազատ կարող են ձայնը սրան կամ նրան տալ, եւ միաժամանակ դժգոհում են, որ հետո այդ ձայնը չի հաշվառվում»:

Անցկացված հարցումը նվիրված էր մարդու իրավունքների վիճակին: Հարցվել է սոցիակալան 8-9 խավ ներկայացնող մոտ 1000 մարդ Հայաստանի տարբեր բնակավայրերից: Պողոսյանի խոսքերով, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «քաղաքական ազատություններից ու իրենց քաղաքական իրավունքների պաշտպանությունից, ապահովումից մարդիկ ավելի գոհ են, քան իրենց տնտեսական եւ սոցիալական իրավունքներից»: Գեւորգ Պողոսյանը դա բացատրում է նրանով, որ մարդկանց «պրետենզիաները» քաղաքական իրավունքների նկատմամբ շատ ավելի համեստ են, քան սոցիալական ու տնտեսական իրենց իրավունքների ու կացության նկատմամբ:

Անցկացված հարցումը վերհանել է, որ երկրում ձեւավորված միջին խավ չկա, եւ տեղափոխությունները մեկ կարգից մյուսը շատ արագ են կատարվում՝ բերելով հոգեբանական լուրջ փոփոխությունների: Լավատեսական տրամադրություններ կան մանր ու միջին սեփականատերերի շրջանում՝ 3-4 տոկոս:

Խոսքի ազատությունը, հանրահավաքների ազատությունը նույնպես, ըստ հարցվածների, առկա է, եւ այդ իրավունքը չի ոտնահարվում: Բայց, ըստ էության՝ չի էլ օգտագործվում. մարդիկ այսօր իրենց մասնակցությունը քաղաքական գործընթացներին նեղացրել-հասցրել են միայն ընտրություններին քվեարկել-չքվեարկելով: «Դա գալիս է, մի կողմից, հիասթափությունից [իշխանություններից եւ քաղաքական կուսակցություններից]», - բացատրեց Գեւորգ Պողոսյանը՝ որպես երկրորդ պատճառ նշելով մարդկանց տնտեսական վիճակը, որ ժամանակ չի թողնում ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG