Մատչելիության հղումներ

Կարինե Քալանթարյան, Երեւան
Երկուշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում իր ցուցմունքներն ավարտեց անցած հունվարին Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալված Մուրադ Բոջոլյանը: Մեղադրյալը կրկին հայտարարեց, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում, եւ ցավով ավելացրեց, թե այսուհետ՝ անկախ դատավարության հետագա ընթացքից կամ արդյունքից, Բոջոլյան ազգանունը չի ընդունվելու ո'չ Հայաստանում եւ ո'չ էլ սփյուռքում:

Բոջոլյանը այսօր պատմեց, թե ինչով էր պայմանավորված իր՝ ձերբակալությունից մի քանի ժամ անց ինքնախոստովանական ցուցմունք տալը: Նրա խոսքերով, ձերբակալությունից անմիջապես հետո քննչի վարքագծից ինքը հասկացել է, որ առաջադրված մեղադրանքն արդեն կանխորոշված է, ուստի իր համար այդ պահին գերխնդիր էր նախ Ազգային անվտանգության մեկուսարանից ազատ արձակել կնոջը, որին նույնպես ձերբակալել էին հանցակցության մեղադրանքով: Կնոջ ու երեխաների անվտանգության համար երաշխիքներ չունենալով, Բոջոլյանը, իր իսկ վկայությամբ, ընդունել է թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցության առնչությամբ առաջադրված մեղադրանքը:

Այնուհետեւ Բոջոլյանը ներկայացրեց ու վերլուծեց գործում առկա ապացույցները՝ սկսած հինգ վկաների ցուցունքներից, մինչեւ առգրավված իրեղեն ապացույցները՝ ֆաքս, տպագրական մեքենա, ձայնագրիչ, ձայներիզ, գրառումներ: Նրա պնդմամբ, դրանցից ոչ մեկն էլ հիմնավոր ապացույց չէ:

Ըստ քրեական գործին կցված տեղեկանքի, որը Ռուսաստանի համապատասխան ծառայությունների հետ համագործակցության արդյունքում ներկայացրել է Հայաստանի հետախուզական ծառայությունը, Հայաստան մուտք գործած գրեթե բոլոր թուրք լրագրողները, գործարարները, այդ թվում՝ հայ-թուրքական գործարար խորհրդի համանախագահ Քահան Սոյակը, Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալներ են:

Քահան Սոյակը այս տարի ամռանն էր այցելել Երեւան, հանդիպել հայ գործարարների հետ, իսկ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ ողջունել էր նրան՝ խորհրդի շրջանակներում կատարած աշխատանքների համար:

Ըստ Բոջոլյանի, իրեն առաջադրված մեղադրանքը եւ ամբողջ քրեական գործը զուտ ենթադրությունների վրա է հիմնված. ոչ մի հիմնավոր ապացույց չկա, բացի իր ինքնախոստովանական ցուցմունքից, որից նա դատարանում հրաժարվեց:

Հաջորդ նիստում Բոջոլյանին կհարցաքննի պաշտպան Արսենյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG