Մատչելիության հղումներ

logo-print

ՄԱԿ-ը տեխնիկական աջակցություն է ցուցաբերելու Հայաստանում ընտրությունների անցկացմանը


Հրաչ Մելքումյան, Երեւան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Արտակ Սահրադյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ժոել Բուտրուն երկուշաբթի օրը ստորագրեցին մի փաստաթուղթ, ըստ որի առաջիկա ընտրություններում ՄԱԿ-ի գրասենյակը տրամադրելու է 400 հազար դոլարի տեխնիկական աջակցության:

Երկփուլ ծրագրով նախատեսվում է 56 ընտրատարածքային եւ 2100 տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների (շուրջ 19 հազար մարդ) ուսուցում, ինչպես նաեւ սարքավորումները տրամադրում կենտրոնական, ընտրատարաշքային եւ տեղամասական հանձնաժողովներին: Առաջին փուլի արժեքը 140 հազար դոլար է: Սարքավորումների համար կտրամադրվի 260 հազար դոլար:

Նախագահական, խորհրդարանական ընտրությունները, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացնելու համար 2003-ի բյուջեի նախագծով նախատեսված է 630 միլիոն դրամ (մոտ 1 միլիոն 80 հազար դոլար): Նախնական հաշարկներով, ըստ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանի, այդ գումարի շուրջ կեսը՝ 270-300 մլն դրամ, տրամադրվելու է նախագահական ընտրությունների անցկացմանը:

«Դեռեւս սա համարեք նախնական հայտարարություն», - ասաց Սահրադյանը՝ ավելացնելով, որ ճշգրիտ տվյալները հայտնի կլինեն հունվարի առաջին տասնօրյակում:

ԿԸՀ նախագահը այդ գումարը լիովին բավարար է համարում նախագահական ընտրությունների անցկացման համար: Մանրամասնելով ծախսերը, Արտակ Սահարադյանը ասաց. - «Ամբողջ գործառույթները ներառված են՝ տրասպորտային, կապի ծախսեր, էլեկտրաէներգիայի ծախսեր, քվեաթերթիկների տպագրման, աշխատավարձի, սոցիալական հատկացումները. այս բոլոր կետերը բյուջեով ներառված են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG