Մատչելիության հղումներ

Հանրահավաքին ընդառաջ՝ ուժային կառույցները քրեաիրավական կոշտ արձագանքով զգուշացրին


Հանրահավաքը Հանրապետության հրապարակում, Երևան, 9-ը մայիսի, 2024թ.
Հանրահավաքը Հանրապետության հրապարակում, Երևան, 9-ը մայիսի, 2024թ.

Հատվածական սահմանազատումը կասեցնելու պահանջով Տավուշի թեմի առաջնորդի երևանյան հանրահավաքին ընդառաջ՝ ուժային կառույցները քրեաիրավական կոշտ արձագանքով զգուշացրին։

Ազգային անվտանգության ծառայությունն առավոտյան հայտարարեց՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է: Ոստիկանությունն էլ հորդորեց զերծ մնալ հասարակական կարգի խախտման գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքը, ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, ընդգծելով՝ հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:

«Ոչ ոք չի ասում, որ իրավապահները չպետք է զբաղվեն իրենց օրինական աշխատանքով», - ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ու ընդգծում՝ սրբազանի առաջնորդած երթը դեռ Երևան չհասած՝ իրավապահների այս հայտարարություններն անհարկի շտապողականություն էր:

«Եթե կլինեն օրինազանցումներ, օրինախախտումներ կամ քրեական հանցագործություններ, այդ ժամանակ, իհարկե, նրանք կարող են միջամտել, իրավունք ունեն միջամտել և պե՛տք միջամտեն: Բայց քանի դեռ նման ոչինչ չի եղել, նախապես լարվածություն մտցնել, նախապես արհեստական՝ տպավորություն է, թե արհեստական լարվածություն են մտցնում, որի կարիքը չկա, և իշխանության առաջին խնդիրը պետք է լինի լարվածության թուլացումը», - «Ազատության» հոտ զրույցում նշեց իրավապաշտպանը:

Քննչական կոմիտեն այսօր արդեն երրորդ հայտարարությունն է տարածել: Դրանցից մեկում նշվել է՝ սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով 11 քրեական գործ են հարուցել, 9 քաղաքացու կալանավորել:

Օրերս իշխանական լրատվամիջոցները նաև մի տեսանյութ էին տարածել, որտեղ մի տղամարդ գաղտնի զենք բերելու մասին էր խոսում։ Քննչական կոմիտեն հայտարարել է՝ տեսանյութում երևացող անձն ու խոսակցության մասնակից ևս մեկ հոգի ձերբակալված են։

Իրավապաշտպանը պատահական չի համարում, որ նաև այս հայտարարությունն է Քննչականն այսօր տարածում։

«Արդեն ցուցիչ է՝ խոսում է այն մասին, որ ինչ-որ բան են պատրաստում, որի կարիքը չկա բոլորովին, առանց այն էլ մեր երկրում լարվածությունը բավականին մեծ է: Շատ հնարավոր է, որ նա լինի բողոքավորների կողմից, հնարավոր է, որ չլինի՝ դա արդեն քննությունը պետք է պարզի: Սա կոնկրետ դեպք է, որը առանձին պետք է քննվի՝ անկախ այս շարժումից և անկախ կամայական հրապարակային միջոցառումներից: Նման մարդիկ կարող են լինել, նման դեպքեր կարող են լինել, բայց ինչքանով կապ ունեն ընդդիմության հետ, իշխանության հետ, սադրիչ են, սադրիչ չեն՝ սա պետք է պարզի քննությունը», - ընդգծեց Վարդան Խաչատրյանը:

Մինչ Քննչական կոմիտեն հաղորդում է հարուցված քրեական գործերի ու կալանավորվածների մասին, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հարցնում է՝ ո՞վ է խախտում արել. - «Իրենք իրենց վերապահված լիազորությունները գերազանցում եմ: Ես ուղիղ դիմել եմ, որ, նախ, դուք տեսել եք՝ այս ամբողջ ընթացքում որևէ մեկը որևէ ձևով որևէ խախտման, և այլն, ինչ-որ բան չի արել անօրինական, և չի էլ կարող լինել: Մենք խաղաղ, հաշտության պատգամով քայլում ենք, ինչի՞ց են վախեցել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG