Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը սպառազեն չի տրամադրի Իսրայելին, եթե Ռաֆահը հարվածի ենթարկվի


Գազայի հատված - Հրթիռակոծման հետևանքները Ռաֆահում, 9-ը մայիսի, 2024թ.
Գազայի հատված - Հրթիռակոծման հետևանքները Ռաֆահում, 9-ը մայիսի, 2024թ.

Հակամարտության էպիկենտրոնը Ռաֆահն է

Գազայում անողոք պատերազմի 216-րդ օրն է, Իսրայելի բանակը շարունակում է հարվածներ հասցնել «Համաս»-ին, որն ահաբեկչական կառույց է ճանաչվել Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում:

Ու թեպետ իսրայելցի զինվորների թիրախն այդ ահաբեկիչներն են, Գազայում շարքային մարդիկ են սպանվում:

Մայիսի 9-ի դրությամբ զոհերի թիվը մոտեցել է 35 հազարին, վիրավորվել է ավելի քան 78.5 հազար մարդ: Տվյալներն Al Jazeera արաբական հեռուստակայանին հայտնել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը, որը ենթարկվում է «Համաս»-ին:

Այսօր հակամարտության էպիկենտրոնը Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ ավանն է, որտեղ ապաստանել են հարյուր հազարավոր պաղետինցի փախստականներ: Իսրայելը պնդում է, որ Ռաֆահում են նաև «Համաս»-ի զինյալները, որոնց հարկ է վնասազերծել:

Լայնածավալ ներխուժումը Ռաֆահ անխուսափելիորեն կհանգեցնի մեծ կորուստների խաղաղ բնակիչների շրջանում:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ CNN-ին ասել է, որ իսրայելցիները դեռ չեն մտել Ռաֆահ, բայց եթե դա անեն, ապա Իսրայելը կզրկվի ամերիկյան ռազմական ռազմական օգնությունից:

«Անձամբ եմ ասել Բիբիին»

Խոսքը հզոր ռումբերի և ականների մասին է, որոնք նախատեսված են պատերազմում թշնամու գերամուր ստորգետնյա կամ վերգետնյա պաշտպանական հենակետերը ոչնչացնելու համար և ի զորու են ավերակների վերածել քաղաքացիական շինությունները:

Տվյալ պահին իսրայելցիները մոտեցել են Ռաֆահի անցակետին և գրավել Գազայի հատվածում գտնվող մասը, սակայն բնակելի թաղամասերը դեռ չեն թիրախավորել:

Եթե դրանք հարվածների ենթարկվեն, ամերիկյան սպառազենի մատակարարումը կդադարեցվի: Բայդենի խոսքով, ինքն այդ մասին անձամբ է տեղեկացրել է Բիբիին՝ այդպես են բարեկամական շրջապատում անվանում վարչապետ Բենյամին Նեթանյահուին:

Չպաշտպանես բնակիչներին՝ կստեղծես նոր ահաբեկիչներ

Հազարավոր ծանր ռումբերի մատակարարման սառեցման և քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին խոսել է նաև ԱՄՆ պաշտպանության նախարարը:

«Դու պետք է ռազմական գործողության գոտում պաշտպանես քաղաքացիական բնակչությանը, մարդկանց, այլապես կստեղծես նոր ահաբեկիչների», - Սենատում ասել է Լլոյդ Օսթինը:

«Վեճեր կան, լուծվում են դռնփակ»

Երեկ իսրայելցի զինվորականները նկատել տվեցին, որ հաշվի են առնում ամերիկացիների տեսակետները, շատ բարձր են գնահատում Ամերիկայի և Իսրայելի համագործակցությունը:

«Օգնությունն աննախադեպ է, երբ կան վեճեր, իսկ դրանք կան, ապա լուծվում են փակ դռների հետևում: Մենք պատասխանատու ենք Իսրայելի պետության անվտանգության համար, և մենք շատ ուշադիր ենք տարածաշրջանում Միացյալ Նահանգների շահերի նկատմամբ», - ասել է Իսրայելի զինված ուժերի խոսնակ, փոխծովակալ Դանիել Հագարին:

«Մենք կմնանք, կհաղթենք, այդ նրանք կգնան այստեղից»

Պաղեստինցիներն այսօր Ռաֆահում աղոթում են իրենց զոհերի հոգիների համար: Եգիպտոսի սահմանի մոտ գտնվող այդ քաղաք են հասել Գազայի հատվածի մյուս շրջաններից փախուստի դիմած, սովյալ, ահաբեկված, անտուն մարդիկ:

Նրանք ասում են, թե այս աշխարհում էլ փրկվելու տեղ չի մնացել, իսրայելցիները փախստականներին կարգադրել են ապահովության համար գնալ Ռաֆահի արևելյան թաղամաս, իբր, այն հարվածի չի ենթարկվի, բայց խաբել են:

«Նրանք ասացին, որ պետք է գնանք արևելյան հատվածը, որ այն ապահով է: Տեսեք ինչ վիճակում ենք, սա ապացույց է, որ զավթիչը ստախոս է։ Ոչ մի տեղ չկա, ոչ Ռաֆահում, ոչ էլ Գազայի որևէ այլ շրջանում, թիրախավորում է ամենուր։ Նրանք ուզում են, որ մենք մեռնենք։ Բայց մենք կմնանք, կհաղթենք, այդ նրանք կգնան այստեղից, իսկ մենք՝ կմնանք»,- ասել է սպանված պաղեստինցու ազգական Ռամադան Ալ Լահամը:

XS
SM
MD
LG